Մատչելիության հղումներ

Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում դժվարացավ ասել, թե կուսակցության ղեկավար մարմնի այսօր կայանալիք նիստում նման հարց կքննարկվելո՞ւ է, թե՞ ոչ։

Նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը, հիշեցնենք, անսպասելիորեն հրաժարական տվեց հուլիսի կեսերին՝ առանց որևէ մեկնաբանության, և փաստորեն շուրջ մեկուկես ամիս Արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է։

Անդրադառնալով նոր նախարարի նշանակման հարցին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին ասաց, թե արձակուրդներ էին, իսկ հիմա վերադարձել են ու կլուծեն այդ հարցը։

Վահրամ Բաղդասարյանը որևէ խնդիր չի տեսնում, որ ոլորտը ամիսուկես աշխատում է առանց նախարարի․ - «Պաշտոնակատարի հնարավորությո՞ւնն է պակաս, բանիմացությո՞նն է պակաս․․․ Շատ նորմալ իր գործը տանում է»:

«Ազատության» հետ զրույցում իրավաբանները ևս պնդում էին, որ շուրջ երկու ամիս առանց նախարարի աշխատելը որևէ կերպ չի անդրադառնում ոլորտի վրա, բայց իշխող կուսակցության ներկայացուցչի լավատեսությունը նրանք չեն կիսում։

«Յուրաքանչյուր այլ երկրում սա շատ դրական կլիներ, որ կառույցը այնքան կայացած է, որ նույնիսկ ղեկավարի բացակայության պայմաններում կարողանում է ինքնուրույն գործել», - ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ շարունակելով․ - «Հայաստանի Հանրապետությունում այլ է իրավիճակը: Արդարադատության նախարարի դերը բավականին նսեմացվել է»:

Ըստ փաստաբանի, Արդարադատության նախարարի պաշտոնը, ինչպես Հայաստանում շատ այլ պաշտոններ, ձևական է. նախարարը շատ քիչ լծակներ ունի ենթակա գերատեսչությունների նկատմամբ և գրեթե ազդեցություն չունի այնպիսի կարևոր ու խոշոր ստորաբաժանումների պետերի վրա, ինչպիսիք են Դատական ակտերի հարկադիր կատարման գրասենյակն ու քրեակատարողական հիմնարկների գործունեությունը համակարգող Քրեակատարողական ծառայությունը։

Լուսինե Սահակյանի համոզմամբ, հատկապես խոշոր ստորաբաժանումների ղեկավարները փաստացի ենթարկվում են ոչ թե անմիջական վերադաս նախարարին, այլ՝ ուղղակիորեն երկրի նախագահին․ - «Ձևականորեն պետք է լինի նախարար, որպեսզի ցույց տան, որ տեսեք՝ կան նախարարներ, կան նախարարություններ, կառույցներ են գործում: Թե չէ․․․ ուղղակի դատարաններ էլ կարող ենք չունենալ․ ուղղակի նախագահականը որոշումներ կայացնի և ավարտի: Հայաստանի Հանրապետությունում բոլոր կառույցները ուղղակի նախագահի հսկողության տակ են գտնվում»:

Փաստաբան Գևորգ Գյոզալյանի կարծիքով, Արդարադատության նախարարների փոփոխությունները միայն բացասաբար են ազդում կոնկրետ փաստաբանների աշխատանքի վրա՝ այն իմաստով, որ յուրաքանչյուր նախարար, ստեղծված իրավիճակում միայն օրենքներ է փոխել: Այդ փոփոխությունների հիմքում էլ, նրա համոզմամբ, նախարարի շրջապատի՝ հիմնականում սուբյեկտիվ շահերն են. - «Գալիս է նախարար, որը, ասենք, բանկային համակարգի ղեկավարների հետ մոտիկություն է անում, և որոշում է, որ Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան նորմը պետք է փոփոխեն այսպես: Արդյունքում շահում են բանկերը։ Գալիս է նախարար, որը մոտիկություն է անում ուրիշի հետ ու որոշում է, որ այսպես պետք է լինի․․․ Սուբյեկտիվ շահը այստեղ մեծ է»:

Մինչդեռ նախարարը, Գյոզալյանի խոսքով, շատ ավելի լայն լիազորություններ ունի․ - «Այդ թվում նաև դատական համակարգի հետ կապված հարցերում: Բայց, դոբրո պետք է ունենա, որ ինքը կարողանա կպնի հարկադիր կատարման ծառայության պետին: Չունի՝ կունենանք Գևորգ Դանիելյանի պատմությունը․․․ Կոնֆլիկտ եղավ հարկադիր կատարողի և Գևորգ Դանիելյանի միջև, և թեև փաստվեց, թեև ապացուցվեց, որ գլխավոր հարկադիր կատարողը մարդ է ծեծել իր գրասենյակում, բայց դրա համար հանեցին ոչ թե հարկադիր գլխավոր կատարողին, այլ հանեցին Արդարադատության նախարարին․․․ Արդարադատության նախարարը, որպեսզի կարողանա լիարժեք գործել, պետք է ունենա հստակ լծակներ»:

Հարցին, թե ինչո՞ւ է անձեռնմխելի Հարկադիր կատարման գրասենյակի ղեկավարը, փաստաբանն արձագանքեց․ - «Ասում են՝ որտեղ խոսում է քաղաքականությունը, այնտեղ իրավունքը լռում է»:

Լրատվամիջոցները Արդարադատության նախարարի հավանական թեկնածուների շարքում նշում են ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի և խորհրդարանի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի անունները:

«Իմ համար մեծ հաշվով էական նշանակություն չունի, թե ով կլինի: Որովհետև եթե համակարգդ ամբողջությամբ հիվանդ է, ու եթե լիդեր չկա այնտեղ, ով ուզում է լինի», - ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը:

XS
SM
MD
LG