Մատչելիության հղումներ

Վկաները հաստատեցին, որ փաստաբանը «տղայականով» է դիմել գործընկերոջը


 Ռուբեն Բալոյանը և Ժաննա Ալեքսանյանը, արխիվ

Ռուբեն Բալոյանը և Ժաննա Ալեքսանյանը, արխիվ

Փաստաբան Ռուբեն Բալոյանն ընդդեմ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի դատական վեճը շարունակվում է: Փաստաբանը պահանջում է, որպեսզի իրավապաշտպանը հերքի, թե ինքը գործընկերոջ՝ Նիկոլայ Բաղդասարյանի հասցեին անհարգալից արտահայտություն է արել:

Անցյալ տարի, հիշեցնենք, դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստից հետո, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մի հոդված հրապարակեց, որում նշում էր, թե գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը, դիմելով Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանին, ասել է․ - «Արա, ես քո հետ տղայականով եմ խոսում, ոչ թե որպես փաստաբան»:

Այսօր դատարանում 3 վկաները, այդ թվում և ինքը՝ Նիկոլայ Բաղդասարյանը հաստատեցին․ Ռուբեն Բալոյանը իրեն հենց այդպես էլ դիմել է:

«Հանկարծ շատ-շատ բարկացած Բալոյանը մոտեցավ մեքենային՝ հեռվից գոռալով՝ շատ սպառնալից, ասաց՝ արա, ես քեզ հետ որպես փաստաբան չեմ խոսալու է, ես քեզ հետ տղայականով եմ խոսալու: Ես շատ զարմացա, որովհետև բավական դատական նիստերին ներկա եմ եղել այդտեղ և․․․ Սպառնալից տոնով, ձեռքերը թափ տալով, գոռալով», - դատարանում հայտարարեց վկա Հասմիկ Հարությունյանը:

Մինչդեռ փաստաբան Ռուբեն Բալոյանը հակառակն է պնդում․երբ զրուցում էր գործընկերոջ հետ, իրենց կողքին որևէ մեկը չկար:

«Հոդվածագիրը էդ պահին ընդհանրապես մեքենայի մոտակայքում չի եղել: Տեսանյութը նայեք, ինքներդ կհամոզվեք: Հերքումը նշանակում է, որ ես Նիկոլայն Բաղդասարյանին նման արտահայտությամբ չեմ դիմել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուբեն Բալոյանը:

Հոդվածի հեղինակ Ժաննա Ալեքսանյանը, մինչդեռ, պնդում է՝ Վարդան Պետրոսյանի պաշտպանի մեքենայում էր և անձամբ է լսել արտահայտությունը, որի հիման վրա էլ հետո հոդված է հրապարակել․ - «Ավելին, ինքս թույլ չեմ տվել որպեսզի վեճը ահագնանա», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով․ - «Նա շատ էմոցիոնալ վիճակում էր այդ պահին, գուցե չի կարողացել իրեն վերահսկի՝ չասելու համար, բայց ասել է, և ես դա ֆիքսել եմ»:

Ժաննա Ալեքսանյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը ենթադրում է, որ դատարան դիմելով և վերը նշված արտահայտության հերքումը պահանջելով՝ Ռուբեն Բալոյանը փորձում է խուսափել կարգապահական պատասխանատվությունից: Շուշանյանը փոխանցեց, որ Փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել Բալոյանի նկատմամբ, որը, սակայն, կասեցվել է մինչև այս գործով դատավճռի հրապարակումը:

«Ու միգուցե հնարավոր է, որ պարոն Բալոյանը դատարան դիմելով փորձել է պաշտպանվել էդ կարգապահական վարույթի արդյունքում իր նկատմամբ հնարավոր անբարենպաստ հետևանքից», - ասաց Շուշանյանը:

Գործով դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 15-ին:

XS
SM
MD
LG