Մատչելիության հղումներ

Հունգարիայի վարչապետը սիրիացի փախստականներին կոչ է անում մնալ Թուրքիայում


Միգրանտները Բուդապեշտի կայարանում, 1-ը սեպտեմբերի, 2015թ.
Միգրանտները Բուդապեշտի կայարանում, 1-ը սեպտեմբերի, 2015թ.

Դեպի Հյուսիսային Եվրոպա ուղևորվող հազարավոր ներգաղթյալների` առավելապես սիրիացիների ճանապարհին հայտնված Հունգարիայի ղեկավարները կոչ են անում փախստականներին հրաժարվել շուտափույթ կերպով Գերմանիա կամ Ավստրիա հասնելու մտադրությունից: Այսօր Բրյուսելում այդ մասին հայտարարեց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

«Եթե մենք պատրանք ստեղծենք, թե պատրաստ ենք ընդունել բոլոր փախստականներին, ապա դա շատ լուրջ բարոյական թերացում կլինի: Մենք շատ ավելի մարդասիրաբար կգործենք, եթե ազնվորեն ասենք` մի եկեք [Եվրոպա], մնացեք Թուրքիայում, քանի որ Թուրքիան անվտանգ երկիր է»,- հայտարարում էր Օրբանը Եվրամիության ղեկավարության հետ մի քանի ժամ տևած բանակցությունների ավարտին:

Արդեն մի քանի օր է ինչ է հազարավոր ներգաղթյալներ, նախևառաջ սիրիացիներ են կուտակվել Բուդապեշտի կենտրոնական Կելետի կայարանում` փորձելով այստեղից մեկնող գնացքներով ուղևորվել դեպի Վիեննա կամ Մյունխեն: Հունգարիայի իշխանությունները մի պահ նույնիսկ ստիպված էին դադարեցնել երկրի կարևորագույն տրանսպորտային հանգույցներից մեկի աշխատանքը` ազնվորեն խոստովանելով, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Հետագայում կայարանը վերսկսեց աշխատանքը` գրեթե միանգամից ենթարկվելով հազարավոր ներգաղթյալների իսկական գրոհին: Այսօր կեսօրից աշխարհի բոլոր առաջատար հեռուստաընկերությունները դրամատիկ կադրեր են հեռարձակում, որոնցում հստակորեն երևում է, թե ինչպես են Հունգարիա հասած ներգաղթյալները, այդ թվում՝ բազմաթիվ կանայք և երեխաներ գրոհում դեպի Ավստրիա և Գերմանիա ուղևորվող գնացքները: BBC-ի տեղեկություններով, սակայն, հունգարական ոստիկանությունը ներգաղթյալների մի մասին փորձում է տեղափոխել ոչ թե Գերմանիա, այլ երկրի արևելքում գտնվող փախստականներիճամբարներ, բնականաբար, հանդիպելով նրանց կոշտ դիմադրությանը:

Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ իր երկիրը այս իրավիճակում է հայտնվել զուտ այն պատճառով, որ սահմանակից է Եվրամիության անդամ չհանդիսացող պետությանը` Սերբիային, որի տարածքով էլ հենց փախստականները մուտք են գործում շենգենյան գոտու մաս կազմող Հունգարիա` ճանապարհը դեպի հյուսիս շարունակելու ակնկալիքով:

«Սա Եվրոպայի խնդիրը չէ, սա Գերմանիայի խնդիրն է: [Փախստականներից] և ոչ մեկը չի ցանկանում մնալ Հունգարիայում: Մենք խնդիր չունենք նրանց հետ, ովքեր ցանկանում են մնալ Հունգարիայում, բայց և այնպես որևէ մեկը այստեղ կամ Սլովակիայում, Լեհաստանում կամ Էստոնիայում հաստատվելու ցանկություն չունի: Բոլորը ցանկանում են գնալ Գերմանիա»,- հայտարարում էր Օրբանը:

Սիրիացի փախստականների անկառավարելի հոսքը դեպի Գերմանիա ուղղվեց այն բանից հետո, երբ պաշտոնական Բեռլինը հայտարարեց, որ Սիրիայից ժամանածներին՝ որպես քաղաքացիական պատերազմի ճիրաններում գտնվող պետության քաղաքացիների, շատ հավանական է, որ պաշտոնապես ապաստան տրամադրվի: Գերմանական կողմը, սակայն, պնդում է, որ չի ընդունի սիրիացիներից և ոչ մեկին, եթե հունգարական իշխանությունները նրանց նախապես չգրանցեն: Վիկտոր Օրբանի խոսքով՝ պաշտոնական Բուդապեշտը պատրաստ է դրան: Սրան զուգահեռ Հունգարիայի իշխանությունները նոր քայլերի ևս դիմում են:

«Մենք այժմ հունգարական խորհրդարանում նոր օրենսդրական փաթեթ ենք նախապատրաստում: Դրան զուգահեռ պատնեշ է ստեղծվում [սահմանին]: Մինչև սեպտեմբերի 15-ը այս ամենը միանգամայն նոր իրավիճակ կստեղծի թե Հունգարիայում, և թե ողջ Եվրոպայում»,- խոստանում է Օրբանը:

Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի խոսքով, սակայն, հունգարական իշխանությունների գործողությունները առնվազն հակասական տպավորություն են ստեղծում: «Մյուս կողմից ակնհայտ է, որ վարչապետ Օրբանը քայլեր է ձեռնարկում` փորձելով ուժեղացնել Եվրամիության արտաքին սահմանի պաշտպանությունը»,- նշում էր Տուսկը՝ հատուկ ընդգծելով, որ այսօր առաջնահերթ խնդիրը Եվրամիության անդամ պետությունների միջև համակարգված գործողությունների մշակումն է:

«Այսօր մեզ անհրաժեշտ է առնվազն 100 հազար փախստականների արդարացի բաշխումը Եվրամիության երկրներում: Եթե ԵՄ անդամ պետությունները ղեկավարները բարի կամք չդրսևորեն՝ համերաշխությունը կդառնա դատարկ կագախոս»,- համոզված է Տուսկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG