Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են տարբեր մակարդակի հաճախակի փոխայցելություններն ու շփումները, որոնք, նրանց համոզմամբ, ավելի են ամրապնդում հայ-ֆրանսիական բարեկամությունն ու լավ հնարավորություն են՝ տեղում անմիջական մթնոլորտում քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:

«Ֆրանսիայի պարագայում այսպիսի հանդիպումները դարձել են ավանդական. վերջին մեկ տարվա ընթացքում խորհրդարանական երեք մեծ պատվիրակություններ են այցելել Հայաստան և նաև Լեռնային Ղարաբաղ: Ընդհանրապես, վերջին տարիներին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները նոր որակ են ստացել՝ նշանավորվելով երկկողմ կապերի վերընթաց զարգացմամբ բոլոր ոլորտներում», - նշել է Սերժ Սարգսյանը:

Պատգամավոր Բրյունո լը Ռուն, իր հերթին, նշել է, որ տարբեր մակարդակներում հաճախակի դարձած երկկողմ հանդիպումները մշտապես աչքի են ընկել արդյունավետությամբ՝ հանդիպումից հանդիպում նախանշելով համագործակցության նոր եզրեր:

Ֆրանսիացի պատգամավորները կարևորել են նաև այցելությունը Լեռնային Ղարաբաղ և շեշտել, որ լինելով խորհրդարանականներ, իրենց առաքելությունն ու անմիջական պարտականությունն են համարում տեղում ծանոթանալ իրավիճակին, շփվել մարդկանց հետ և այդ ամենի արդյունքում ձևավորված իրենց պատկերացումները, տեսածն ու լսածը փոխանցել նաև գործընկերներին:

Ըստ նրանց, Ֆրանսիան շահագրգռված է, որպեսզի ԼՂ հիմնախնդրի լուծման համար շարունակվեն երկխոսությունն ու խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացը, և իրենց այցելությունները Լեռնային Ղարաբաղ ևս այդ նպատակին են ծառայում:

Հանդիպման ժամանակ հյուրերը Սերժ Սարգսյանին խնդրել են հակիրճ ներկայացնել սահմանադրական բարեփոխումների գործընթացն ու այդ բարեփոխումների նպատակը:

Բրյունո լը Ռուն ընդգծել է, որ, իր համոզմամբ, ցանկացած կառուցակարգային փոփոխություն, որ միտված է կառավարման լավագույն տարբերակին և արժանանում է երկրի քաղաքացիների հավանությանը, միայն ողջունելի է, և եթե պետությունը ինչ-որ ժամանակ գնում է կառավարման համակարգի բարելավման, դա վկայում է պետության քաղաքական հասունության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG