Մատչելիության հղումներ

Վարդան Պետրոսյանը դատարանի որոշմամբ պատիժը կկրի բաց ռեժիմով


Վարդան Պետրոսյանը դատարանի դահլիճում, արխիվ

Վարդան Պետրոսյանը դատարանի դահլիճում, արխիվ

5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ պատիժը կկրի բաց ռեժիմով։

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ այս որոշմամբ իր պաշտպանյալը կարող է պատիժը կրել տանը կամ աշխատավայրում։

«Բաց ռեժիմի դեպքում անձը իրավունք է ունենում հիմնարկի ղեկավարի համաձայնությամբ իր պատիժը կրել հիմնարկի տարածքից դուրս, ենթադրենք տանը կամ աշխատավայրում։ Որպես կանոն՝ կա չարգելված պաշտոնների ցանկ, մարդը կարող է պատժի կրման ժամանակ աշխատել, ինչպես կաշխատեր ազատության մեջ։ Գնում են աշխատանքի, գալիս են, հաշվառվում են»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ երեկոյան քրեակատարողական հիմնարկ վերադառնալը պարտադիր չէ.- «Կարող են վերադառնալ, կարող են գնալ ինչ-որ տեղ հաշվառվել, դա կախված է քրեակատարողական հիմնարկի որոշումից։ Մարդը կարող է դերասան է, երեկոյան ներկայացում ունի, էդ ժամանակ համաձայնություն է ձեռք բերում, որ այդ օրը չի գա, մյուս օրը կգնա հաշվառվելու»։

2013 թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան մայրուղու վրա բախվել էին երկու ավտոմեքենա, որոնցից մեկի վարորդը Վարդան Պետրոսյանն էր: Պատահարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասանը: Ավելի ուշ ավտովթարի հետևանքով Էդգար և Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ, Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր։

Մոտ 9 ամիս տևած դատաքննությունից հետո՝ այս տարվա հունվարին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Պետրոսյանին մեղավոր ճանաչեց ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG