Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսիայի ԱԺ պատվիրակությունը առաջիկայում կայցելի Ղարաբաղ


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն փոխանցմամբ՝ Գալուստ Սահակայնն ընդգծել է բարեկամական խմբերի ղեկավարների մեծ ներդրումը բարեկամ երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում:

Անդրադառնալով Ադրբեջանի՝ անհանգստության տեղիք տվող, անհանդուրժող պահվածքին՝ Հայաստանի ԱԺ նախագահը նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի «ԵԽԽՎ-ն իրական քայլեր ձեռնարկի այդ երկրի հանդուգն, ոչ ժողովրդավար գործելակերպը կանխելու համար»:

Իր խոսքն ուղղելով Բրյունո լը Ռուին, ով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ջատագովներից է, Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետևողական կլինի նոր օրինագծի ներկայացման և ընդունման հարցում:

Անդրադառնալով պատվիրակության առաջիկա այցին Ղարաբաղ՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ կարևորում է յուրաքանչյուր նման այց, քանի որ «Լեռնային Ղարաբաղ այցելող յուրաքանչյուր պատվիրակություն կամ անձ հնարավորություն ունի ականատես լինելու ազատ ապրելու իրավունքը նվաճած, անկախության համար մարտնչած ժողովրդի կենսակերպին»:

ԱԺ նախագահի խոսքով, «անկախ ճանաչված կամ չճանաչված լինելու հանգամանքից, Արցախի ժողովուրդը նվաճել է ազատ ապրելու իր իրավունքը և չպետք է անտեսված լինի միջազգային հանրության կողմից»:

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուն, շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովի նախագահին ընդունելության համար, նշել է, որ Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններն ավելի են հզորացել:

Անդրադառնալով պատվիրակության այցելությանը Ղարաբաղ՝ Բրյունո լը Ռուին ասել է, որ իրենց նպատակն է տեղում շփվել արցախցիների հետ և վերհաստատել այն միտքը, որ այնտեղ ապրող ժողովուրդն իրավունք ունի խաղաղ ապրելու: Նա նշել է, որ պատվիրակության անդամները տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից և փաստել, որ միջազգային հանրության համար անընդունելի են հրադադարի ռեժիմի խախտումները:

Խոսելով Հայաստան և Ղարաբաղ այցելության մասին, նա նշել է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում պետք է կարևորվեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները՝ ի տարբերություն հարևան երկրի, որտեղ ժողովրդավարությունը կաղում է:

Նշենք, որ բազմաթիվ արտասահմանցիներ, այդ թվում՝ պատգամավորներ Ղարաբաղ այցելելուց հետո հաճախ են հայտնվում Ադրբեջանի «սև ցուցակում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG