Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել «արևմտամետ կողմնորոշումից»


Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

«Եթե ինչ-որ մեկն ի վիճակի չէ Եվրասիական մայրցամաքը տարբերել Եվրասիական միությունից, դա արդեն իմ խնդիրը չէ», - ասել է Կվիրիկաշվիլին

Վրաց բարձրաստիճան պաշտոնյաները հավաստիացնում են, որ Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել «իր արտաքին քաղաքականության հիմնաքարը հանդիսացող արևմտամետ կողմնորոշումից»։

Նման հավաստիացումների կարիքը ծագեց այն բանից հետո, երբ Վրաստանի նորանշանակ արտաքին գործերի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին նոր պաշտոնում արված առաջին իսկ հայտարարության ընթացքում նշեց. - «Արևմտյան ուղղությունից բացի գոյություն ունեն նաև Արևելքի հետ հարաբերությունները: Եվրասիական տարածաշրջանում նոր զարգացումներ են տեղի ունենում, և մենք պետք է աշխատենք, որպեսզի այս բոլոր իրադարձությունները առավելագույն կերպով հնարավոր լինի ձևափոխել հօգուտ Վրաստանի»։

Երեկ արդեն Գեորգի Կվիրիկաշվիլին ստիպված էր հանդես գալ հավելյալ բացատություններով` նշելով, թե նկատի չի ունեցել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերահաստատումը:

«Եվրոպական ինտերգրացիան շարունակում է մնալ Վրաստանի գլխավոր առաջնահերթությունը: Իսկ, եթե ինչ-որ մեկն ի վիճակի չէ Եվրասիական մայրցամաքը տարբերել Եվրասիական միությունից, դա արդեն իմ խնդիրը չէ», - ասել է Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքով, իր հայտարարության մեջ նա նախևառաջ նկատի է ունեցել Հեռավոր Արևելքի` մասնավորաբար Չինաստանի հետ հարաբերությունների խորացման բարենպաստ հեռանկարները:

Նորանշանակ արտգործնախարարին պաշտպանության շտապեց նաև Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ կապերի գծով խորհրդական Զուրաբ Աբաշիձեն: «Եթե որևէ մեկը չհասկացավ, թե ինչ է ասել Գերոգի Կվիրիկաշվիլին, ապա ես խորհուրդ կտայի գտնել երրորդ դասարանի աշխարհագրության դասագիրքը: Այնտեղ շատ պարզ ու պատկերավոր կերպով բացատրվում է, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրասիական մայրցամաքը: Բայցևայնպես, ես մի քիչ բացեմ խորհրդավորության այդ շղարշը և ասեմ, որ այդ մայրցամաքը բաղկացած է Եվրոպայից և Ասիայից», - դիմելով թբիլիսցի լրագրողներին՝ ասել է Աբաշիձեն:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ևս հարկ համարեց պաշտպանել նորանշանակ նախարարին` պնդելով, թե իր ենթակային սխալ են հասկացել: «Եվրոպական ընտրությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է: Դա մեր մեծ նախնիների, մեր ժողովրդի ընտրությունն է, և որևէ կառավարություն չի կարող այն փոխել: Ինչ վերաբերում է Կվիրիկաշվիլիի հայտարարություններին, ապա կարող եմ ասել, որ մեր գլխավոր նպատակը բոլոր մայրցամաքներում առկա հնարավորությունների օգտագործումն է», - ասել է Ղարիբաշվիլին:

XS
SM
MD
LG