Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղը այսօր տոնում է անկախության հռչակման օրը՝ սահմանային լարվածության և աշխարհի կողմից ճանաչված չլինելու պայմաններում։

Տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղում է Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Գրեթե քառորդ դար առաջ անկախություն հռչակած Ղարաբաղը և դրան աջակցած Հայաստանը ձգտում են ԼՂ միջազգային ճանաչման, սակայն երկու տասնամյակ տևող բանակցություններն Ադրբեջանի հետ որևէ արդյունքի չեն հանգեցնում։ Բաքուն կտրականապես մերժում է կարգավորման ցանկացած տարբերակ, որով Ղարաբաղը տեսականորեն կարող է ինքնուրույն ապագա ունենալ։

Մոտ 140 հազար բնակչություն ունեցող երկիրը պաշտոնապես ներկայանում է որպես ինքնիշխան, ինքնաբավ, տնտեսապես անկախ, օրինապահ և հավատարիմ բացառապես ժողովրդավարական արժեքներին։ Անցած 24 տարիների ընթացքում, սակայն, Ղարաբաղին պաշտոնական ձեռք են մեկնել նահանգների, քաղաքների, և քաղաքական այլ միավորումների մակարդակով։ Բայց այստեղ չեն վհատվում, ասում են՝ ամեն ինչ դեռ առջևում է։

«Դժվարին, բայց և պատվաբեր ուղի է, որն անցնում է Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի և Սփյուռքի հետ միասին»,- իր շնորհավորական ուղերձում ասում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը.- «Արցախի Հանրապետության անկախությունը բացառիկ արժեք է, որի համար մեր ժողովուրդը չափազանց թանկ գին է վճարել։ Մեզ ոչ ոք անկախություն չի նվիրաբերել, մենք պայքարել ենք դարեր շարունակ և այն նվաճել մեզ պարտադրած պատերազմում։ Այդ իսկ պատճառով Արցախը երբեք չի կարող շեղվել իր ընտրած ուղուց, և այսուհետ էլ արվելու է ամեն ինչ նրա անսասան ընթացքն ապահովելու համար»։

Աշխարհի և ոչ մի երկրի հետ պաշտոնապես դիվանագիտություն կապեր չունեցող Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն, այդուհանդերձ, վստահ է՝ հաջողություններ լինելու են։

«Այսօր մեր պետությունը, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, հստակ քայլերով գնում է առաջ։ Այո, մենք ունենք խնդիրներ, և չնայած ընդունված չէ տոնական օրերին խնդիրների մասին խոսել, բայց մենք այնքան վստահ ենք մեր ուժերի վրա, որ կարող ենք հենց այսօր էլ խոսել մեր խնդիրների մասին։ Այդ խնդիրներին զուգահեռ ունենք նաև բազմաթիվ հաջողություններ, և դրանց քանակը ավելանալու է»,- վստահ է Կարեն Միրզոյանը։

Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղում ընդունված է տոնել մեծ շուքով։ Անկախությունը խորհրդանշող օրը ևս մեկ առիթ է խոսելու ձգտումների մասին. այստեղ ասում են անկախություն հռչակմանը հաջորդած պատերազմը Ադրբեջանի համար հողատարածքի, իսկ Ղարաբաղի բնակչության համար տան պայքար էր։

Ղարաբաղցիներն ուրախ են, որ իրենց ճակատագիրն այսպես է դասավորվել։ Ազատ ենք, ինքնուրույն և այլևս խտրականության չենք ենթարկվում, ասում են «Ազատության» հետ զրուցած քաղաքացիները։

XS
SM
MD
LG