Մատչելիության հղումներ

Պեմզաշենի բնակչության մոտ 30 տոկոսն արտագաղթել է


Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի տների մոտ մեկ երրորդը դատարկ է․ բնակչությունն արտագաղթել է, սեպտեմբեր, 2015թ․
Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի տների մոտ մեկ երրորդը դատարկ է․ բնակչությունն արտագաղթել է, սեպտեմբեր, 2015թ․

Գյուղում մնացածներն էլ տարակուսում են՝ մարդկանց կենսապայմանները բարելավելու փոխարեն Սահմանադրությունն են փոխում: «Թող բարի լինեն հին Սահմանադրությունն իրագործեն, որ մեր երեխաներն էլ դուրս չգնան, գյուղը ծերանոցի է վերածվել»,-բողոքում է պեմզաշենցիներից մեկը:

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում խորհրդային տարիներին շահագործվող պեմզայի հանքավայրից հիմա միայն անունն է մնացել:

3000 բնակիչ ունեցող այս համայնքում հողի սեփականաշնորհումից գրեթե չեն օգտվել: Մարդիկ այստեղ թեև գյուղաբնակներ են, բայց վար ու ցանքի հող չունեն: Եկամտի հիմնական աղբյուրը արտագնա աշխատանքն է:

Տիկին Ռուզաննայի ամուսինը «ստաժավոր» խոպանչի է` 18 տարվա փորձ ունի: Ասում է՝ Ռուսաստանի այժմյան տնտեսական վիճակի պայմաններում արտագնա աշխատանքի մեկնելը դարձել է վիճակախաղ՝ կամ կշահես, կամ էլ չէ:

«Առանց խոպան հնարավոր չէ, բայց խոպանն էլ լատարեի պես բան է՝ մի տարի շահում ես, երկրորդ տարին հնարավոր է, որ վաբշե չշահես»,-ասում է Ռուզաննան, հավելելով, որ ռուբլու ներկայիս արժեզրկումից բավական տուժել են․ «բանկից դուրս գաս՝ կպրծնի»:

Ամուսինը վերջերս է գումար ուղարկել, որ ուսումնական տարվան ընդառաջ գնումներ անեն: Սակայն ռուբլին դրամ դարձնելուց հետո Ռուզաննան միտքը փոխել է՝ պարտքերն է փակել: «Քանի որ էդ 25 հազար ռուբլին եղանակ չէր փոխում դպրոցի համար, ստիպված փոխեցի, խանութի պարտքս տվեցի, երեխաներն էլ ինչ ունին, կհագնին կերթան դպրոց»:

Պեմզաշենում ոչ միայն արտագա աշխատանքի մեկնողներն են շատ, այլև անվերադարձ արտագաղթողները: Գյուղի էլցանցի հսկիչ Զորիկ Հովհաննիսյանը ցույց է տալիս, թե միայն իր տան հարևանությամբ քանի դատարկ տուն կա:

«Էս փողոցի վրա աջ կողմի հինգ տունը մարդ չի ապրի ու յուրաքանչյուր գյուղի փողոց էս վիճակում է, սաղ Ռուսաստան են գնացել, սաղ ծերանոց է դառել էս գյուղը: Գյուղի 800 տներից հիմա 550-ում լույս կա, գյուղի մոտ 30 տոկոսը բացակայում է»,-պատմում է Զորիկ Հովհաննիսյանը:

Արտագաղթածներից մեկն էլ իր ավագ որդին է: Մյուս որդին էլ արտագնա աշխատանքի է մեկնում: Հովհաննիսյանն ասում է, որ շուտով հավանաբար իրենք էլ այդ ճանապարհը կբռնեն:

«Պեմզաշենում որը հնարավորություն ունի, կերթա, ոչ մեկն իրա ստեղծած ապրուստին չի ափսոսա, Հայաստանում մնալու իմաստը ո՞րն է, եթե չես կարողանում գոյությունդ պահպանես»:

Երկրի ղեկավարներին է դիմում՝ Սահմանադրությունը փոխելով՝ մարդկանց կյանքը չի փոխվի: Խոպանչին էլի խոպան է գնալու, արտագաղթողն էլ հեռանալու է` զարգացման հեռանկար չտեսնելով:

«Ու՞մ համար կփոխեն, թող բարի էղնին հին Սահմանադրությունը իրագործեն, որ իմ երեխեն մնա իմ տունը, Սահմանադրություն փոխելով՝ իրանց աթոռները կձգեն, էդի սաղ ժողովուրդը հասկացել ա»:

Պեմզաշենում հիմա հատ ու կենտ երիտասարդների կարելի է հանդիպել: Մեկնածների մասին էլ հարազատները պատմում են, թե ետ կգան, մի երկու ամիս կմնան ու էլի կմեկնեն, «այլ ելք չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG