Մատչելիության հղումներ

logo-print

Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանն ազատվեց դպրոցի փոխտնօրենի պաշտոնից


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Նիկողոսյանի նշանակումն այսօր առավոտից մեծ աղմուկ էր բարձրացրել։

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական, աղմկահարույց քրեական պատմություններով հայտնի Զարզանդ Նիկողոսյանը ազատվել է Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոցի փոխտնօրենի պաշտոնից։

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կրթության նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ Նիկողոսյանին փոխտնօրենի պաշտոնում նշանակելու մասին որոշումը չեղյալ է համարվել մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո։ Նիկողոսյանի նշանակումն այսօր առավոտից մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում։

Հիշեցնենք, նա երկու տարի առաջ կալանավորվել էր Սուրիկ Խաչատրյանի տան մոտ Ավետիք Բուդաղյանի սպանության գործով, մեղադրվում էր սպանության և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ։

Այս տարվա հուլիսին էլ մարզպետի օգնականը հայտնվել էր մեկ այլ աղմկահարույց միջադեպի կենտրոնում՝ անձամբ հաստատելով, որ հարձակվել է Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի խանութի վրա ու կոտրել ապակիները։

Չնայած դրան, Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը այսօր կեսօրին «Ազատության» հետ զրույցում հպարտանում էր, որ Նիկողոսյանին ինքն է նշանակել՝ ելնելով դպրոցի աշակերտների, կոլեկտիվի ու ծնողների շահերից։ «Զարզանդ Նիկողոսյանն անձամբ իմ հրավերքով, իմ հրամանով, իմ անմիջական պատասխանատվությամբ նշանակվել է տնօրենի տեղակալ՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով», - ասել էր Դավթյանը։

Տնօրենը նշել էր, որ Նիկողոսյանը անցած տարվա մարտից եղել է դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը, և ինքը նրան փոխտնօրեն է նշանակել՝ հաշվի առնելով «Զարզանդ Նիկողոսյանի հեղինակությունը, ընդունված լինելը բոլոր աշակերտների կողմից»։ «Հավատացեք, նրան շատ սիրում և հարգում են երեխաները, հարգանք է վայելում և՛ կոլեկտիվի, և՛ ծնողական հասարակության մեջ», - ասել էր դպրոցի տնօրենը։

«Ազատության» հարցին, թե մարզպետն ազդեցություն ունեցե՞լ է Նիկողոսյանի նշանակման գործում, Դավթյանը պատասխանել էր. - «Կարող եմ երդվել իմ սրբություններով, մարզպետը նույնիսկ տեղյակ չի եղել, դպրոցի կադրեր նշանակողը տնօրենն է, անկեղծորեն նրա հետ չեմ էլ խորհրդակցել, որովհետև մեր մարզպետը գիտի, որ ես դպրոցին նվիրված մարդ եմ, ես պատահական ընտրություն, պատահական նշանակում չեմ անելու, եթե դա երեխաների շահերից չի բխում»։

Իսկ թե ինչո՞ւ այսքան գովասանքների արժանացած փոխտնօրենին աշխատանքից ազատելու համար ընդամենըմի քանի ժամ պահանջվեց, Մարինե Դավթյանից պարզել չի հաջողվում, քանի որ նա այլևս հեռախոսազանգերին չի պատասխանում։

Մարզպետի օգնականի կարճատև պաշտոնավարումը անհետևանք չի մնացել։ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով կասկածվող Գարեն Աթաջանյանի չորս թոռներին սեպտեմբերի 1-ից թիվ 6 դպրոցից տեղափոխել են այլ դպրոց՝ անվտանգության նկատառումներով։ Աթաջանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց Զարզանդ Նիկողոսյանի սպառնալիքները Աթաջանյանների ընտանիքի հասցեին.- «Արդեն անհամատեղելի էր այդ երեխաների ուսումը տվյալ դպրոցում։ Հնարավոր է, որ այդ երեխաների նկատմամբ ինչ-որ բռնություններ կամ ճնշումներ գործադրվեն»։

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը հայտարարում է, որ Նիկողոսյանը խախտումով է նշանակվել փոխտնօրենի պաշտոնում, դրա համար անհրաժեշտ է առնվազն 5 տարվա մանկավարժական փորձ, ուստի դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը պետք է պատասխանատվության ենթարկվի։

«Այդ տնօրենին այս առիթով պետք է ազատել աշխատանքից, ինչպես նաև իր շողոքորթ նկարագրի պատճառով, ով մինչև Զարզանդին ազատելը գովում էր, իսկ հիմա ի՞նչ պիտի ասի։ Որպեսզի ինքը ոչինչ չասի, նման ցուցում էլ պիտի տրվի մարզպետին, որ Աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածով աշխատանքային պայմանագիրը նրա հետ խզվի»,- ասաց Բախշյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ Նիկողոսյանի լիազորությունների շուտափույթ դադարեցումը գլխավորապես պայմանավորված էր հանրային աղմուկով։ Նրա նշանակումը կրթօջախի փոխտնօրենի պաշտոնում, ըստ իրավապաշտպանի, Ավետիք Բուդաղյանի սպանությունից պակաս աղմկահարույց չէր։

«Հանրության մոտ կուտակված է... Զարզանդը հայտնի է որպես հանցագործ տարր։ Բնական է, որ այդ տեքստը, որ ասում էր տնօրենը, նրան ուղղորդվել է Սյունիքի մարզպետարանից, չեմ բացառում նաև Կրթության նախարարությունից։ Դժվար է հավատալ, որ Աշոտյանը տեղյակ չէր այս ամենին և հիմա փորձում է իր դեմքը փրկել հանրային այս աղմուկից»,- ասաց Ալեքսանյանը։

Զարզանդ Նիկողոսյանը չպատասխանեց մեր հարցերին։

XS
SM
MD
LG