Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Տնօրենն ասում է, Նիկողոսյանին անձամբ ինքն է նշանակել՝ հաշվի առնելով նրա «հեղինակությունը, ընդունված լինելը բոլոր աշակերտների կողմից»։

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական, աղմկահարույց քրեական պատմություններով հայտնի Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն։

Դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ Նիկողոսյանին ինքն է նշանակել՝ «ելներով դպրոցի աշակերտների, կոլեկտիվի ու ծնողների շահերից».- «Զարզանդ Նիկողոսյանն անձամբ իմ հրավերով, իմ հրամանով, իմ անմիջական պատասխանատվությամբ նշանակվել է տնօրենի տեղակալ՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով»։

Տնօրենը նշեց, որ Նիկողոսյանը անցած տարվա մարտից եղել է դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը, և ինքը նրան փոխտնօրեն է նշանակել՝ հաշվի առնելով «Զարզանդ Նիկողոսյանի հեղինակությունը, ընդունված լինելը բոլոր աշակերտների կողմից»։ «Հավատացեք, նրան շատ սիրում և հարգում են երեխաները, հարգանք է վայելում կոլեկտիվի և ծնողական հասարակության շրջանում», - ասաց դպրոցի տնօրենը։

«Ազատության» հարցին, թե մարզպետն ազդեցություն ունեցե՞լ է Նիկողոսյանի նշանակման գործում, Դավթյանը պատասխանեց. - «Կարող եմ երդվել իմ սրբություններով, մարզպետը նույնիսկ տեղյակ չի եղել, դպրոցի կադրեր նշանակողը տնօրենն է, անկեղծորեն նրա հետ չեմ էլ խորհրդակցել, որովհետև մեր մարզպետը գիտի, որ ես դպրոցին նվիրված մարդ եմ, ես պատահական ընտրություն, պատահական նշանակում չեմ անելու, եթե դա երեխաների շահերից չի բխում»։

Զարզանդ Նիկողոսյանը երկու տարի առաջ կալանավորվել էր Սուրիկ Խաչատրյանի տան մոտ Ավետիք Բուդաղյանի սպանության գործով։ Մեղադրվում էր սպանության և ապօրինի զենք կրելու մեջ, սակայն մի քանի ամիս անց, երբ կատարվածը որակվեց որպես «անհրաժեշտ պաշտպանություն», նա ազատ արձակվեց, գործը էլ հանցակազմի բացակայության հիմքով կարճվեց։

Այս տարվա հուլիսին Նիկողոսյանը հայտնվեց մեկ այլ աղմկահարույց միջադեպի կենտրոնում՝ անձամբ հաստատելով, որ հարձակվել է մարզպետի մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի խանութի վրա ու կոտրել ապակիները։ Այնուհանդերձ քրեական գործի հարուցումը մերժվեց՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով։

«Ազատության» հարցին, թե Նիկողոսյանի քրեական անցյալը չի՞ անդրադառնա դպրոցի երեխաների դաստիարակության վրա, Մարինե Դավթյանը պատասխանեց. - «Բացառվում է նման բան»։

Մարզպետի մահափորձի գործով ազատազրկված Գարեն Աթաջանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ Նիկողոսյանի նշանակումից հետո Աթաջանյանի թոռները տեղափոխվել են այլ դպրոց։​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG