Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղը տոնում է անկախության հռչակման 24-րդ տարեդարձը


Լեռնային Ղարաբաղն այսօր տոնում է անկախության հռչակման 24-րդ տարեդարձը: Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Ուղերձում մասնավորապես ասված է. - «Արցախի անկախության օրը համայն հայության մեծ տոնն է, բայց առաջին հերթին ձեր` արցախցիներիդ տոնն է: 1991 թվականի նվիրական այս օրը` անկախության հռչակմամբ բռնության ու բռնապետության ճիրաններից, ազգային ու կրոնական խտրականության, հալածանքների ու ջարդերի, ստի, կեղծիքի ու հակահայկական ռասիստական քարոզչության ճիրաններից դուրս բերվեց հայության տառապյալ, բայց նաև հերոսական հատվածներից մեկը: Եվ դա արեցիք դուք: Այդ պատմական քայլով ոչ թե ավարտվեց, այլ նոր հանգրվան թևակոխեց բոլորիս պայքարը հանուն սեփական տանն արժանապատվորեն ապրելու իրավունքի, հանուն մարդկային ու ազգային իրավունքների: Արցախցին կռվի դաշտում պաշտպանեց իր և իր զավակների կյանքը, փրկեց իր և իր զավակների ապագան»:

Նախագահն ուղերձում նաև նշել է. - «2015 թվականին` Մեծ եղեռնի 100-ամյակի տարում, երբ մենք ոգեկոչում ենք մեր՝ արդեն սրբադասված նահատակների հիշատակը, ազատ, նորոգ ու հպարտ Արցախը նոր` ավելի խոր իմաստ ու արժեք է ստանում բոլորիս համար: Սիրելի՛ հայրենակիցներ, օր օրի աշխարհում ավելի ստվարանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա ժողովրդի բարեկամների շարքերը: Օր օրի բարձրանում է ազատության ու ժողովրդավարության ճանապարհով անշեղորեն ընթացող Արցախի միջազգային հեղինակությունը: Դա արդյունքն է ձեր արդար ու ստեղծագործ աշխատանքի, պետականաշինության և բանակաշինության ասպարեզներում ձեր արձանագրած հաջողությունների: Կրկին շնորհավորում եմ այս փառապանծ տոնի առթիվ` կրկնելով հին ու իմաստուն կարգախոսը. «Ազատությունը չունի այլընտրանք»»։

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ Շահումյանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունեց հռչակագիր` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեին մասնակցեց մարզի բնակչության 80 տոկոսը, և նրանց 98 տոկոսը քվեարկեց անկախության օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG