Մատչելիության հղումներ

Թուրքիայում կրկին ոտնահարվում է խոսքի և մամուլի ազատությունը


Արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնացող Թուրքիայում կրկին ոտնահարվում է խոսքի և մամուլի ազատությունը:

Այսօր առավոտից թուրքական ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Koza Ipek Holding-ին պատկանող 23 ընկերություններում և հոլդինի խորհրդի նախագահ Աքըն Իփեքի տանը:

«Միլլեթ», «Բուգյուն» թերթերի, ինչպես նաև երկու հեռուստաալիքների և ռադիոյի սեփականատեր ընկերությանը մեղադրում են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդ Ֆեթուլահ Գյուլենի համայնքին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու և նրանց գործունեության քարոզչություն իրականացնելու մեջ:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, խուզարկության ժամանակ Koza Ipek Holding-ին պատկանող ընկերություններից փաստաթղթեր և համակարգիչներ են առգրավվել, 6 հոգի ձերբակալվել է: Ընկերության աշխատակիցները հավաքվել են խուզարկվող շենքերի մոտ և պահանջում են հանգիստ թողնել իրենց ղեկավարությանը:

Օրերս Դիարբեքիրում թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր բրիտանական Vice News լրատվական կենտրոնի երկու լրագրողի ու նրանց թարգմանչին, ովքեր լուսաբանում էին թուրք-քրդական բախումները: Vice News-ի տնօրեն Քևին Սուչլայֆը այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ թուրքական իշխանություններին մեղադրելով ազատ մամուլը ճնշելու և գրաքննություն իրականացնելու մեջ:

Թուրքական մեդիա ընկերության դեմ իրականացվող գործողությունների և բրիտանացի լրագրողների ձերբակալությանը արձագանքել են Եվրախորհրդարանը ու Եվրամիությունը:

Եվրախորհրդարանի անդամ Աննա Մարիա Քորացա Բիլդտը կոչ է արել անհապաղ դադարեցնել Koza Ipek Holding-ին պատկանող ընկերությունների խուզարկությունը: Իսկ Եվրահանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը հայտարարել է, որ իրենց մտահոգում է Դիարբեքիրում օտարերկրյա լրագրողների ձերբակալությունը: Նա նշել է, որ Եվրամիության անդամագրության շուրջ բանակցություններ վարող երկիրը պետք է երաշխավորի մարդու իրավունքների` այդ թվում խոսքի ազատության իրավունքի պաշտպանությունը:

Մինչեռ վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում մամուլը հեռու է ազատ լինելուց: «Գրաքննության դեմ պայքարի ցանց» կոչվող կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն, վերջին 40 օրվա ընթացքում Թուքիայում 103 ինտերնետային կայք և 23 թվիթերյան էջ է փակվել: 20 լրագրող աշխատանքից ազատվել է՝ հիմնականում «Միլլիյեթ» և «Հյուրիյեթ» թերթերից: 10 լրագրող հարձակման է ենթարկվել, 3-ը՝ սպառնալիքներ են ստացել ոստիկանների կողմից: 21 լրագրողի նկատմամբ դատական գործ է հարուցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG