Մատչելիության հղումներ

logo-print

Կիևում երեկվա բախումներում զոհվածների թիվը հասել է երեքի


Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչները հարգանք տուրք են մատուցում նախօրեին խորհրդարանի մոտ նռնակի պայթյունից զոհված զինծառայողների հիշատակին: Կիև, 1-ը սեպտեմբերի, 2015թ.

Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչները հարգանք տուրք են մատուցում նախօրեին խորհրդարանի մոտ նռնակի պայթյունից զոհված զինծառայողների հիշատակին: Կիև, 1-ը սեպտեմբերի, 2015թ.

Ընդհանուր հաշվով տուժել է ավելի քան 125 իրավապահ, նրանցից վեցը ծանր վնասվածքներ են ստացել։

Ուկրաինայի մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած բախումներում տուժած զինվորներից ևս երկուսն այսօր վաղ առավոտյան մահացել են։

Երեկ մի քանի հարյուր արմատական ընդդիմադիրներ խորհրդարանի շենքի մոտ անկարգություններ էին կազմակերպել՝ պահանջելով մերժել հանրապետության կառավարման ապակենտրոնացում ենթադրող սահմանադրական բարեփոխման օրինագիծը։

Ցուցարարները պայթուցիկներ, շշեր և փայտեր են նետել Գերագույն ռադան պաշտպանող Ազգային գվարդիայի զինվորների և ոստիկանների վրա, նաև հրազեն են կիրառել։ Մի արմատական ցուցարար մարտական նռնակ է պայթեցրել։

Ընդհանուր հաշվով տուժել է ավելի քան 125 իրավապահ, նրանցից վեցը ծանր վնասվածքներ են ստացել։ Երեկվա բախման ընթացքում սպանվել է Ազգային գվարիդայի զինվոր Իգոր Դեբրինը։

Նախապես ենթադրվում էր, որ նա Ֆ-1 տեսակի նռնակի պայթյունից է սպանվել, սակայն այսօր առավոտյան Ներքին գործերի նախարարի խորհրդական Իգոր Վարչենկոն հայտնել է, որ Դեբրինը մահացել է սրտի շրջանում ստացած հրազենային վիրավորումից։

Այսօր Կիևի հոսպիտալում մահացել են Դմիտրի Սլաստիկովը և Օլեքսանդր Կոդտինան, ովքեր երեկ ծանր վնասվածքներ են ստացել չարաբաստիկ նռնակի պայթյունից։ Նռնակը նետած Իգոր Գումենյուկը ձերբակալվել է։ Ըստ իրավապահների, նա «Սվոբոդա» կուսակցության ակտիվիստ է և ժամանակին ծառայել է «Սիչ» գումարտակում։

Միջազգային համայնքը` Միացյալ Նահանգները, Գերմանիան, Եվրոպական միությունն, ինչպես նաև Ռուսաստանը, դատապարտել են Կիևում երեկ տեղի ունեցած բախումները։

Վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, թե ծայրահեղ ազգայնականները երկրի համար ավելի վտանգավոր են, քան Ուկրաինայի արևելքում գործող անջատականները։

«Այն ժամանակ, երբ Ռուսաստանը և նրա ավազակները փորձում են ռազմաճակատում ավերել մեր երկիրը, այսպես կոչված հայրենասերները փորձում են երկրորդ ռազմաճակատը բացել` արդեն Ուկրաինայի ներսում», - ասել է վարչապետը։

Երեկվա բախումները դատապարտել է նաև նախագահ Պետրո Պորոշենկոն, ով ասել է, թե տեղի ունեցածը «հարված էր թիկունքից»։

«Բոլոր մեղավորները կպատժվեն», - ասել է նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG