Մատչելիության հղումներ

logo-print

Ծաղկաշատն այս տարի միայն մեկ առաջին դասարանցի ունի


Ալլա Մակարյանը այս տարի Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղի դպրոցի միակ առաջին դասարանցին է, 1-ը սեպտեմբերի, 2015թ․

Ալլա Մակարյանը այս տարի Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղի դպրոցի միակ առաջին դասարանցին է, 1-ը սեպտեմբերի, 2015թ․

Գյուղի 10 աշակերտ և 16 աշխատող ունեցող դպրոցի ուսուցիչները սա լավ ցուցանիշ են համարում՝ չորս տարի ընդհանրապես առաջին դասարանցի չեն ունեցել։

Վեցամյա Ալլան Լոռու մարզի 260 բնակիչ ունեցող Ծաղկաշատ գյուղի դպրոցի այս տարվա միակ առաջին դասարանցին է։

Նրա մայրը՝ Լուսինե Մակարյանը, ով Ալլայից բացի ևս երկու անչափահաս երեխա ունի, այսօր իր առաջին դասարանցի դստրիկին հագցրեց ընտանիքի սուղ բյուջեի հաշվին գնված նոր զգեստն ու ճանապարհեց դպրոց։

Ալլան այբբենարանը կսերտի երկրորդ և երրորդ դասարանցի իր 5 համագյուղացի երեխաների հետ՝ նույն դասասենյակում։ Ուսուցչուհին՝ Սուսաննա Մելիքսեթյանը Ալլային նստեցրեց իր երրորդ դասարանցի քրոջ կողքին, նույն աշակերտական նստարանին։

Դասվարը երանությամբ էր հիշում՝ սրանից 10 տարի առաջ դպրոցի աշակերտների թիվը 60 –ի էր հասնում։ Մինչդեռ, Ծաղկաշատի հիմնական դպրոցն այսօր 10 աշակերտ ունի և 16 աշխատող։

Գիտելիքի օրվան նվիրված իր շնորհավորական խոսքում տնօրեն Անահիտ Մուսայելյանը, ով, ի դեպ, իր 8-րդ դասարանցի որդուն Ալավերդու դպրոցից Ծաղկաշատի դպրոց է տեղափոխել, այսօր գոհունակությամբ նշեց, որ նախորդ տարվա համեմատ աշակերտների թիվը թեև չի ավելացել, բայց չի էլ նվազել։ Հիշեցրեց, որ 4 տարի շարունակ դպրոցում ընդհանրապես առաջին դասարանցի չի եղել, աշակերտների թիվն էլ 8-ից չի անցել։ «Շատ ուրախ եմ, որ արդեն 3-րդ տարին է Ծաղկաշատում առաջին դասարան է բացվում, մեծ ձեռքբերում է....»:

Տնօրենը ծնունդով Ալավերդիից է։ Իր 20-ամյա որդուն դպրոցում աշխատանքի է ընդունել՝ որպես դռնապան ու ամեն առավոտ նրա մեքենայով է դպրոց գնում: «Այլընտրանք չունեմ»,- ասում է նա և բացատրում՝ քաղաքը գյուղին կապող տրանսպորտ չկա։ Դրա պատճառով նաև մասնագետների պակաս են ունենում։ «Ռուսերենի և անգլերենի ուսուցչուհիները տրանսպորտի պատճառով չեկան...»:

Գյուղում յուրաքանչյուր երեխայի ծնունդը ուրախացնում է մանկավարժներին։ Հաշվարկում են, որ 6 տարի անց դարձյալ առաջին դասարանցի կունենան, եթե իհարկե տվյալ ընտանիքը չարտագաղթի մոտակա քաղաքներ կամ արտերկիր։

Ծաղկաշատցի Գոհար Դալլաքյանը պատմում է, որ տարիներ առաջ գյուղում շատ բազմազավակներ կային: Այսօր նա միակ 4 երեխա ունեցող մայրն է։ «Հիմա մենակ ես եմ մնացել բազմազավակ... սաղ գնում են»,-ասում է նա։

Ծաղկաշատում բացակայում են նվազագույն կենսապայմանները, չկա գազ, ջուր, ճանապարհների վիճակը վատ է, անգամ խանութ չունեն, գանգատվում են գյուղի երիտասարդները:

XS
SM
MD
LG