Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ականները վստահ են՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ կոնսոլիդացիան կա


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան

Նախագահ Սարգսյանի հրավերը մերժած «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ, կոնսոլիդացիային չեն խանգարում։

Նաև վերջին հանդիպումներն իշխող Հանրապետականին թույլ են տալիս մտածել՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ կոնսոլիդացիան կա։

«Եթե տեսնում ենք, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր քաղաքականացված չեն, մեր շարքային քաղաքացիները քննարկման առարկա են դարձրել, դա արդեն իսկ կոնսոլիդացիա է։ Իսկ եթե քաղաքական ուժերը գլոբալ առումով փորձում են գալ և քննարկել, իհարկե, կա այդ կոնսոլիդացիան»,- ասաց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։

Անցած շաբաթ Սերժ Սարգսյանի հրավերով Սահմանադրության փոփոխությունները նախագահականում քննարկեցին շուրջ մեկ տասնյակ կուսակցությունների ներկայացուցիչներ՝ անգամ նախկինում Սահմանադրության փոփոխությանը կտրուկ դեմ արտահայտվողները։ Ապա հարցը տեղափոխվեց խորհրդարան, որտեղ նույնպես քննարկողների պակաս չզգացվեց։ Բարեփոխումների հանձնաժողովի անդամներին հանդիպեցին անգամ Բաղրամյան 26 գնալու՝ Սերժ Սարգսյանի հրավերը մերժած «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները։ Թե նախագահականում, թե ԱԺ-ում քննարկումներ անցկացնելու հրավերները առայժմ մերժել է միայն Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը։

Հանրապետական Հովհաննես Սահակյանի խոսքով՝ քաղաքական ուժերը չպետք է մտածեն, որ Հանրապետականին են լավություն անում. քննարկումն, ասում է, մոտեցումները պնդելու լավ առիթ է։

«Այն քաղաքական ուժերը, որոնք էդ նազ ու տուզից դեռևս չեն անցել, դա ոչ մի լավ տեղ չի տանելու նախ և առաջ իրենց, որովհետև սահմանադրական բարեփոխումների գործընթաց ամեն տարի չէ որ կարող ես նախաձեռնել»։

ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համոզված ասում էր՝ վերջիվերջո բոլորը կգան այն գիտակցությանը, որ երկրում պետք են սահմանադրական բարեփոխումներ։ Իսկ գործընթացը քննարկելու՝ նախագահ Սարգսյանի հրավերը մերժած «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, Բաղդասարյանի համոզմամբ, կոնսոլիդացիային չեն խանգարում։

«Ամբողջ քաղաքական դաշտի 70-80 կուսակցությունների մեջ 2-3 հոգին ի՞նչ է»,- հարցրեց նա։

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն ասում է՝ որպեսզի տեղի ունենա քաղաքական համախմբում, նախ պետք է լինի քաղաքական դաշտ.- «Սերժ Սարգսյանի ֆոտոսեսիան ավելի շատ նմանվում է կոմեդիական ինչ-որ գործընթացի, փորձում էին գտնել ինչ-որ մարդկանց, ովքեր կհամաձայնեին գնալ Բաղրամյան 26 և մասնակցել այդ վինետկայի լուսանկարահանմանը։ Եթե նայենք ինչ էին իրենցից ներկայացնում այդ կուսակցությունները, դրանք ընդամենը խմբավորումներ են, որտեղ ընդգրկված են մի քանի հոգի։ Դրանք կուսակցություն անվանելը շատ մեծ շռայլություն կլինի»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ կոնսոլիդացիա իսկապես կա, բայց այլ հարցի շուրջ.- «Կոնսոլիդացիայի առարկան ոչ թե Սահմանադրությունն է իր բովանդակությամբ, այլ իշխանության բաժանումը։ Իշխանություն ասելով նկատի ունեմ ամբողջական համակարգը, այդ թվում նաև՝ խորհրդարանական մանդատները այսպես ասած ոչ իշխանական սեգմետնում»։

ՀՀԿ-ն, կարծում է Հակոբ Բադալյանը, այժմ հաղթանակածի դիրքում է.- «Դժբախտաբար, ՀՀԿ-ն ունի նման ձևով վերաբերվելու հիմքեր, որովհետև իսկապես քաղաքական համակարգի մնացյալ ուժերը չունեն այն հարցի պատասխանը՝ իսկ ի՞նչ են անելու իրենք, եթե չեն մասնակցում այս կամ այն կերպ ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի թելադրած այս գործընթացին։ Այդ հարցի պատասխանը կարծես թե որևէ ուժ չի տալիս, նույնիսկ «ոչի» դեպքում չկա հարցի պատասխանը, լա՛վ, ոչ, իսկ հետո ի՞նչ է լինելու հաջորդ քայլը։ Եվ այս իրավիճակը դժբախտաբար ՀՀԿ-ին տալիս է նման կերպ վերաբերվելու հնարավորություն՝ ասելով, որ իրենք իսկապես չունեն այդ ուժերի կարիքը կամ սպառնալիք չեն տեսնում այդ ուժերից, որպեսզի ստիպված լինեն ինչ-որ կերպ ընդունել նրանց պայմանները»։

«Ոչի» պայքար, Կիվիրյանի կարծիքով, կծավալվի, բայց նախաձեռնողներին շատ դժվար կլինի.- «Այս կուսակցությունները, որոնք հայտարարում են, որ իրենք պայքարելու են, փորձում են քաղաքական միջոցներով պայքարել։ Իսկ մի տեղ, որտեղ չկա քաղաքական դաշտ, քաղաքական միջոցներով պայքարը, տեսնում ենք վերջին տասնամյակների ընթացքում, հիմնականում արդյունք չի տալիս։ Այսինքն ռեժիմը ամեն ձևով կփորձի ճնշել այդ ուժերին, իսկ այդ ուժերը արդյոք դուրս կգա՞ն այդ քաղաքական շապիկից, իրենք թող որոշեն։ Եթե իրենք պատրաստ լինեն դուրս գալու քաղաքական շապիկից, գուցե հասնեն այլ արդյունքների»։

XS
SM
MD
LG