Մատչելիության հղումներ

Աշոտյանի զավակները մասնավոր դպրոց են հաճախում


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արխիվ:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արխիվ:

Դպրոցական կրթության որակի աճի մասին պարբերաբար հայտարարելով հանդերձ՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր երկրորդ որդուն նույնպես նախընտրեց ուղարկել մասնավոր դպրոց՝ «Այբ»:

Երբ «Ազատություն»-ը փորձեց կրթության ոլորտի թիվ մեկ պատասխանատուից հետաքրրքվել, թե ինչու է գերադասում մասնավոր դպրոցը պետականից, նախարարը խնդրեց իր անձնական կյանք չներխուժել․ - «Ես խնդրում եմ տեսախցիկներով, դիկտաֆոններով իմ անձնական կյանք չներխուժել: «Այբ» դպրոցը ստեղծվել է իմ նախարարության ժամանակ․․․ Ինչպես յուրաքանչյուր հայ ծնող, երեխայի կրթության և առողջության վրա չեմ խնայում: Ցավում եմ, որ այլևս քննադատելու տեղ չկա, և փորձում եք տեսախցիկներով ու դիկտաֆոններով մտնել ընտանեկան կյանք: Ես նման բան ձեր հանդեպ թույլ չեմ տալու»:

«Այբ»-ի տարրական դասարաններում մեկ տարվա ուսման վարձը երկուևկես միլիոն դրամ է: Երկու որդիներին այստեղ կրթության տալու համար, նախնական հաշվարկներով, նախարարը պետք է տարեկան վճարի մոտ 5 մլն դրամ: Մինչդեռ, ըստ պաշտոնական հայտարարագրի, նա հենց այդքան աշխատավարձ է ստանում ողջ տարվա ընթացքում:

Ստացվում է՝ Աշոտյանն իր տարեկան աշխատավարձը հատկացնում է միայն որդիների ուսմանը: Հարցին, թե ինչպես է հոգում մյուս ծախսերը, նախարարն արձագանքեց․ - «Եթե ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների էրեխեքը կարան գնան մասնավոր վճարովի դպրոց, ես կարող եմ․․․ Այդ դպրոցը նաև ես եմ ստեղծել, և շատ լավ վստահում եմ․․․ Պատասպանատուն օգտվում է իր ոլորտում եղած ռեֆորմների հաջողություններից»:

Իր ֆինանսական միջոցներին վերաբերող հարցեր լսելիս նախարարը խորհուրդ էր տալիս ուսումնասիրել իր եկամուտների պաշտոնական հայտարարագերը: Ուսումնասիրեցինք ու պարզեցինք, որ Արմեն Աշոտյանը չի ներկայացրել տվյալներ կնոջ ունեցվածքի վերաբերյալ: Համենայնդեպս, բարձրաստիճան պաշտոնատար անձնաց էթիկայի հանձնաժողովի կայքում Աշոտյանի հետ փոխկապակցված անձանց մասին որևէ հայտարարագիր չկա:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը փաստում է՝ օրենքը, պարտավորեցնելով հանդերձ, որևէ պատիժ չի նախատեսում այս կետը շրջանցելու համար․ - «Մենք տեսնում ենք, որ առնվազն 2012 թվականից, երբ որ պաշտոնը ստանձնել է [Աշոտյանը], որևէ տարի այս փոխկապակցված անձը հայտարարագիր չի ներկայացրել, և որևէ մեկը դրա մասին չի բարձրաձայնել:Ունենք մի վիճակ, երբ օրենքը ասում է, որ մենք պետք է ներկայացնենք, չենք ներկայացնում՝ հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ դա տվյալ պարագայում որևէ իրավական որևէ պատիժների չի հանգեցնում: Ընդամենը սրա մասին կարելի է հանրային պարսավանք ներկայացնել»:

Նախորդ տարվա հայտարարագրում նշված է, որ Աշոտյանն իր 5 մլն դրամ աշխատավարձից բացի, նաև 10 մլն դրամ փոխառություն է ստացել:

Արտակ Մանուկյանն ասում է՝ քանի որ օրենքը չի պարտադրում ներկայացնել նաև ծախսերը, կարելի է եզրակացնել միայն, որ սա վարկ է:

XS
SM
MD
LG