Մատչելիության հղումներ

Մահացել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը


Գուրգեն Դալիբալթայան, արխիվ

Գուրգեն Դալիբալթայան, արխիվ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին մահացել է նշանավոր պետական և ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը։

Նա ծնվել է 1926 թվականին հունիսի 5-ին, Վրաստանում` Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Մեծ Արագյալ գյուղում։ 1947-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։

«Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում` 1991 թվականին, Գուրգեն Դալիբալթայանը հայրենիքի կանչով եկել է Հայաստան և զինվորագրվել է Հայաստանի ազգային բանակի կազմավորման բարդ ու դժվարին գործին: Լինելով փորձառու զինվորական` նա իր խորհուրդներով և փորձառությամբ օգնել է նորաստեղծ զինված ուժերի երիտասարդ սպաներին: Անձամբ ղեկավարել է մի շարք մարտական գործողությունների պլանների մշակման աշխատանքները», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

1992 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի, իսկ 1996 թվականին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում: 1993-2006 թվականներին նա զբաղեցրել է նախագահի գլխավոր խորհրդականի, իսկ 2000-2006 թվականներին Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնները:

Պարգևատրվել է ԽՍՀՄ բազմաթիվ շքանշաններով։ 2001 թվականի հուլիսի 20-ին Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:

«Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի հուղարկավորությունը զիվորական կարգով կազմակերպելու նպատակով Հայաստանի պաշտպանության նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG