Մատչելիության հղումներ

logo-print

Պաշտոնական Բաքուն պարզաբանում է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտապան Հենրիխ Մխիթարյանի Բաքու մեկնելու առնչությամբ խոսակցությունները։

«Սպորտը չպետք է խառնել քաղաքականության հետ», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մասնավորապես հայտարարել է ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը։

Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքում Դորտմունդի «Բորուսիա»-ի և ադրբեջանական «Գաբալա»-ի միջև հոկտեմբերի 22-ին Բաքվում կայանալիք ֆուտբոլային հանդիպումը ադրբեջանական լրատվամիջոցներում ենթադրությունների տեղիք է տվել, որ իշխանությունները կարող են չթույլատրել դորտմունդյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին այցելել Բաքու:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի արտգործնախարարությանը մոտ կանգնած աղբյուրները, չեն բացառել ֆուտբոլիստին Բաքվում ձերբակալելու հավանականությունը՝ որպես պատճառ նշելով 2011 թվականին «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը անօրինական ձևով հատելու» փաստը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին անմիջապես արձագանքել էր «Բորուսիա» ֆուտբոլային ակումբը՝ հույս հայտնելով, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: «Հույս ունենք, որ այդ ամենը սուտ է: Հենրիխը մեզ համար ծայրահեղ կարևոր խաղացող է, ով վերջին մի քանի շաբաթների ընթացքում հիանալի խաղ է ցուցադրել», - գերմանական մարզական կայքերից մեկի հետ զրույցում հայտարարել է «Բորուսիա»-ի մամուլի ծառայության ղեկավար Սաշա Ֆլիգգեն:

Խնդրին անդրադարձել էր նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: «Մենք ակնկալում ենք, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ՝ անկախ քաղաքացիությունից և մուտքի թույլտվության իրավունքից, մեր մրցաշարերի ընթացքում ելույթի իրավունք կստանա: Կանենք ամեն ինչ, որպեսզի այդպես էլ լինի», - հայտարարել է Պլատինին:

«Ֆուտբոլի առանձնահատկությունը թիմային խաղն է։ Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի այցն Ադրբեջան ընկալվում է ոչ թե անհատական, այլ թիմի այցելության տեսանկյունից», - ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պարզաբանել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։

Ադրբեջնացի պաշտոնյան նշել է նաև, որ չնայած սպորտի և քաղաքականության միջև եղած ընդհանուր եզրերին, Ադրբեջանը անթույլատրելի է համարում սպորտը քաղաքական նպատակներով օգտագործելը։ Իսկ ինչ վերաբերում է հայտնի «սև ցուցակին», որի հեղինակը հենց Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունն է, ըստ Հաջիևի, հարցը փաստորեն երբեմն քննարկվում է անհատական սկզբունքով։

XS
SM
MD
LG