Մատչելիության հղումներ

Հայաստանում նշում են Գիտելիքի, գրի և դպրության օրը


Սեպտեմբերի 1-ը երևանյան դպրոցներից մեկում, 2013թ.
Սեպտեմբերի 1-ը երևանյան դպրոցներից մեկում, 2013թ.

Այս տարի առաջին դասարան կգնա 40 հազար աշակերտ։

Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես Գիտելիքի, գրի և դպրության օր: Դպրոցներում այսօր հնչեց առաջին զանգը։

Կրթության և գիտության նախարարության տվյալներով, այս տարի առաջին դասարան կգնա 40 հազար աշակերտ։ Նախորդ տարվա համեմատ, նրանց թիվն ավելացել է 2 հազարով։

Հայաստանի ոստիկանությունը հայտարարում է, որ ուժեղացված ծառայություն են իրականացնում ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում ու փողոցներում:

«Ուժեղացված ծառայության են անցել նաև դպրոցական տեսուչներն ու անչափահասների գործերով ծառայությունների աշխատակիցները: Արվում և արվելու է ամեն ինչ, արտակարգ դեպքերը, դժբախտ պատահարները, պարզապես տգեղ միջադեպերը բացառելու համար», - ասված է հայտարարությունում։

Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Ուղերձում մասնավորապես ասված է. - «Մեր երկրի առաջընթացի ու զարգացման, մեր ժողովրդի բարօր կյանքի հաստատման համար առաջնային դեր ունեն կրթական մեր հաստատությունները, որ կոչված են ապահովելու արդի պահանջները բավարարող որակյալ կրթություն, սերմանելու հոգևոր և ազգային արժեքներ մեր զավակաց հոգիներում, որոնց ձեռքերում է մեր ապագան։ Ամենքիս առաքելությունն է կերտել ազնիվ, հայրենասեր ու հավատավոր նկարագիրը մեր զավակների, զորացնել նրանց մեջ պատասխանատվությունը ապագայի նկատմամբ և ամրապնդել Աստծո կողմից տրված շնորհները բազմապատկելու և ի շահ մեր երկրի և ժողովրդի գործադրելու հանձնառությունը»:

«Հայրական սիրով և օրհնությամբ մաղթում ենք, որ Երկնավոր մեր Տերը բազում հաջողություններով պսակի մեր սաների ուսումնառության ընթացքը և շնորհազարդի ու զորակից լինի մեր սիրելի մանկավարժներին և կրթության գործի բոլոր մշակներին իրենց նվիրական և պատասխանատու կոչման և առաքելության մեջ:Թող մեր Տիրոջ Հիսուսի Քրիստոսի աստվածային ամենառատ սերն ու շնորհները միշտ ձեզ հետ լինեն, ամեն», - ասված է կաթողիկոսի շնորհավորական ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG