Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի խմբակցությունը քննարկում է սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը


Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունը արձակուրդից հետո այսօր առաջին նիստը անցկացրեց, որի գլխավոր թեման պայքարն էր սահմանադրական փոփոխությունների դեմ։

Խմբակցության 7 պատգամավորներից նիստին մասնակցում էին չորսը՝ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը։ Խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով ընդունել էր Սերժ Սարգսյանի հրավերը և նախագահականում մասնակցել հետ սահմանադրական փոփոխությունների շուրջ խորհրդակցությանը, այս անգամ նիստին չէր եկել։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Լյուդմիլա Սարգսյանին այլևս սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողների շարքին չի դասում, փոխարենը՝ խմբակցության նիստերին չմասնակցող ՀԱԿ-ի մեկ այլ անդամ է միացել «ոչ»-ի պայքարին։

«Հրանտ Բագրատյանն է այս դիրքորոշման վրա: Այսինքն՝ հստակ գիտենք, որ հինգ պատգամավոր «ոչ»-ի դիրքորոշման մեջ են», - ասում է Լևոն Զուրաբյանը:

Մասնակցելո՞ւ է արդյոք Լյուդմիլա Սարգսյանը խմբակցության հետագա աշխատանքներին պարզել չհաջողվեց, նա այսօր հեռախոսազանգերին չէր պատասխանում։ Լևոն Զուրաբյանը ևս այս մասին չի ուզում խոսել, ասում է՝ ամեն ինչ պարզ է։

Օրենքով պատգամավորը խմբակցությունից դուրս գալ չի կարող, խմբակցությունն էլ նրան հեռացնելու լիազորություն չունի: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով, իրենց դիրքերի ամրության համար պետք չէ անհանգստանալ, կարևորը՝ հանրության և ՀԱԿ-ի մոտեցումները սահմանադրական փոփոխությունների հարցում համընկնում են։

«Եթե գտնեք մի հոգի փողոցում, որը կասի՝ Սերժ Սարգսյանը պետք է իր իշխանությունը շարունակի կամ Հանրապետականը արժանի է հաջորդ քաղաքական փուլերում դոմինանտ լինելու, մենք կդադարեցնենք շարժումը», - ասում է ՀԱԿ խմբակցության քարտուղարը:

Արամ Մանուկյանի կարծիքով իրավիճակը նպաստավոր է և հիմա «ոչ»-ի լայնամասշտաբ պայքարն են կազմակերպում։ ՀԱԿ-ում վստահեցնում են, ինչպես նախկինում՝ առաջիկայում էլ փոփոխությունների շուրջ որևէ բովանդակային քննարկման չեն մասնակցելու․ - «Սա պետք է դարձնել Սերժ Սարգսյանի իշխանության «ոչ»-ի քվեարկություն, եթե գործը հասնի քվեարկության»:

ՀԱԿ-ը խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների փաստաթղթի քննարկման ժամանակ փորձելու է տապալել գործընթացը, օգտագործելու են ազգային ժողովի ամբիոնը՝ քարոզչական նպատակներով։

«Առաջին հերթին ժողովրդի և ժողովրդական զանգվածների մոբիլիզացիայի գործիք է, դրա համար ենք մենք աշխատում Ազգային ժողովում: Մենք պատրանքներ չունենք, որ մենք կարող ենք քվեարկության արդյունքների վրա ազդել», - ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Լևոն Զուրաբյանի խոսքով, «ոչ»-ի պայքարը կազմակերպելու համար տարբեր ուժերի հետ քննարկումներ են անցկացնում, արդյունքների մասին կբարձրաձայնեն, երբ ժամանակը գա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG