Մատչելիության հղումներ

Թուրքիայում նախընտրական կրքեր են բորբոքվում


Հանրապետական Թուրքիան իր պատմության մեջ առաջին անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ է անցկացնում, մինչ նոր կազմված ժամանակավոր կառավարությունը ստանձնում է երկրի ղեկը: Կուսակցությունների ներսում ընտրացուցակներ են կազմվում նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ:

Արտահերթ ընտրություններին կարծես բոլորից անհամբեր սպասում է նախագահ Էրդողանը, ով հույս ունի, որ նոյեմբերի 1-ը նման չի լինելու հունիսի 7-ին, երբ նրա կուսակցությունը չկարողացավ մեծամասնություն նվաճել խորհրդարանում և միանձնյա կառավարություն կազմել: Էրդողանը, մասնավորապես, նշել է, որ ձեռնարկվելու են անհարժեշտ բոլոր միջոցառումները առաջիկա ընտրությունների անվտանգության պայմանների ապահովման համար:

Արտահերթ ընտրություններին ընդառաջ Թուրքիայում նախընտրական կրքեր են բորբոքվում: Ընդդիմադիր «Ժողովրդա-Հանրապետական» կուսակցությունը չի հաշտվում Էրդողանի կայացրած որոշման հետ՝ պնդելով, թե նա տապալեց կոալիցիայի կազմավորման բոլոր փորձերը: Կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն օրերս հայտարարել է, որ իրենք պատրաստ էին և կարող էին կոալիցիա կազմել մյուս կուսակցությունների հետ, սակայն Էրդողանը չտվեց այդ հնարավորությունը՝ ելնելով սեփական շահերից: Քըլըչդարօղլուն նաև նշել է, որ չի վստահում Դավութօղլուի գլխավորած ժամանակավոր կառավարությանը, որի մեջ իր կուսակցությունը ներկայացված չէ:

Նախընտրական առաջին շաբաթը Թուրքիայում լարված է սկսվել: Դիարբեքիրում անհայտ անձինք հարձակվել և սպանել են «Արդարություն և զարգացում» կուսակցության երիտասարդական թևի նախկին առաջնորդին: Չեն դադարել նաև թուրք-քրդական բախումները: Այսօր Շըրնաք նահանգում քուրդ զինյալները պայթեցրել են ոստիկանական զրահամեքենան, 5 ոստիկան վիրավորվել է: Լարված վիճակ է նաև Թունջելի նահանգում: Տեղական իշխանությունները երեկվանից փակ են պահում մի քանի մայրուղիներ, որպեսզի կանխեն քրդերի առաջխաղացումը:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում էր կայացրել օգոստոսի 21-ին և իր հենարանը հանդիսացող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, վարչապետ Ահմետ Դավութօղլուին հանձնարարել էր ժամանակավոր կառավարություն կազմել: Ժամանակավոր նախարարական կաբինետի մաս էին կազմել տասնմեկ նախարար «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, երկու նախարար «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից, մեկ նախարար «Ազգայնական շարժում»-ից, ևս 11-ը՝ անկուսակցական են: Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդը հրաժարվել էր իրենց առաջարկված 5 մանդատից:

XS
SM
MD
LG