Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը հոսանքի թանկացումը մասնակիորեն կփոխհատուցի նաև փոքր բիզնեսին


Փոքր ու միջին ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյան

Փոքր ու միջին ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով, հատկացումը կարվի արտաբուջետային միջոցներից՝ մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում խորհրդատվական ծառայությունների ավարտը:

Կառավարությունն այսօր որոշեց փոխհատուցել նաև ամսական մինչև 500 կիլովատտ/ժամ հոսանք սպառող փոքր բիզնեսին: Փոխհատուցումը կտրվի միայն առաջին 250 կիլովատտ/ժամի համար։

Վարչապետ հովիկ Աբրահամյանի խոսքով, հատկացումը կարվի արտաբուջետային միջոցներից՝ մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում խորհրդատվական ծառայությունների ավարտը․ - «Հանրապետության նախագահի հետ մենք այսօր առավոտյան քննարկել ենք փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցելու հարցը և որոշում ենք կայացրել կառավարությանը ներկայացնել այս նախագիծը, որով նաև փորձում ենք լուծել փոքր և միջին ձեռնարկություններին այն հոսանքը՝ 6.93 դրամը, որ պետք է իրենք ծախսեն, այդ հավելավճարը կվճարի կառավարությունը՝ մինչև խորհրդատվության ավարտը»:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ընդունեց, որ այս որոշումից կօգտվեն հիմնականում ծառայություններ մատուցող և գրասենյակային ոլորտում աշխատող ձեռներեցները, իսկ արտադրությամբ զբաղվողները ստիպված կլինեն էլեկտրաէնեգիայի համար ավելի թանկ վճարել:

Կառավարության այսօրվա որոշումը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը չի գոհացնում: Ակտիվիստների օրակարգում փոփոխություն չկա՝ վաղնանից կսկսեն քաղաքացիական անհնազանդութության ակցիաները՝ թանկացման որոշումը չեղյալ համարելու պահանջով։

Չնայած կառավարությունը փոքր ձեռներեցներին սուբսիդավորելու որոշումն այսօր է կայացրել, ՀԷՑ-ի աշխատակցներն արդեն մեկ շաբաթ է, նոր պայմանագրերով այցելում են ձեռներեցներին, և հոսանքազրկելու սպառնալիքով պատրավորեցնում հոսանքի համար վճարել թանկ սակագնով։

Փոքր ձեռներեցների ասոցացիայի նախագահ Հակոբ Ավագյանի խոսքով, բաշխիչ ընկերության այս քաղաքականությունը դուրս է օրենքի շրջանակից․ - «Համաձայն էլեկտրամատակարարման կանոնների 33-րդ կետի, 3 դեպք է այնտեղ նշված, ինչ դեպքերում կարող է հոսանքազրկվել: Առաջին դեպքը՝ ինքնակամ, երբ տնտեսվարողն է ուզում: Երկրորդ դեպքի մասին է խոսքը, երբ որ սպառողը չի կատարում պայմանագրով սահմանված իր պարտականությունը: Այս դեպքում, եթե չկա այդ հավելվածը, նշանակում է, որ նախկին սակագներով եթե կատարում է տնտեսվարողը իր պարտականությունները, չեն կարող իրեն ստիպել, կամ հոսանքազրկել»:

ՀԷՑ-ից, սակայն, «Ազատության»-ը տեղեկացրին, որ հոսանքի թանկացման որոշումը չի բեկանվել՝ անկախ կառավարության այսօրվա որոշումից, բարձր սակագներով վճարելու պայմանագրեր կշարունակեն ուղարկել բոլոր ձեռներեցներին, քանի որ իրենց համար դեռ հստակ չէ, թե ինչ մեխանիզմով է կառավարությունը փոխհատուցելու:

XS
SM
MD
LG