Մատչելիության հղումներ

Խադիջա Իսմայիլովան պաշտպանական ճառով հիշեցրել է Ալիևի կոռուպցիոն փաստերը


Լրագրողները դրսում են հետևում Խադիջա Իսմայիլովայի դատավարությանը, 31-ը օգոստոսի, 2015թ.

Լրագրողները դրսում են հետևում Խադիջա Իսմայիլովայի դատավարությանը, 31-ը օգոստոսի, 2015թ.

Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում իր պաշտպանական ճառում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան հայտարարել է՝ իրենից վրեժ են լուծում լրագրողական գործունեության համար:

Մեղադրողն ավելի վաղ դատարանին միջնորդել էր լրագրողին դատապարտել 9 տարվա ազատազրկման:

Իսմայիլովան մեկ առ մեկ անդրադարձել է իրեն մեղսագրվող արարքներին:

«Զվարճալի» մեղադրանք

Հարկերից խուսափելու մեղադրանքը «զվարճալի» է որակել՝ հիշեցնելով, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է, քանի որ ինքն է կատարել հետաքննություն և պարզել ՝ ինչպես է երկրի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը գողացած փողերը տեղափոխել օֆշորային գոտի, ներդրումներ կատարել օֆշորային ընկերություններում:

«Իմ ուսանողները, իմ գործընկերները և ես գրում էինք օֆշորյան իրականության մասին, հարկերից խուսափելու գործերի մասին, հարկերից խուսափելու նպատակով ուրիշների անուններով կղզիներում գրանցված ընկերությունների մասին՝ իրենց անուններով: Եվ հիմա, ես եմ կանգնել հարկերից խուսափելու մեղադրանքի առջև: Ես վճարել եմ հարկեր՝ իմ ստացած ամեն մի կոպեկի դիմաց»,- նշել է լրագրողը և ավելացրել, որ քննչական մարմիններն, ի հեճուկս իր փաստացի ապացույցների, ճգնում են հիմնավորել, թե «մածունը սև է»:

Իշխանության յուրացման հակադարձումը

Յուրացման մեղադրանքի կապակցությամբ Իսմայիլովան համեմատել է իր ու գործընկերների և դատախազության կատարած աշխատանքը: Մեղադրողի փաստերի բացակայությանը հակադրել է բացահայտ տվյալները, որ ընդամենը 6-7 միլիոն ադրբեջանական մանաթի ասֆալտապատումն է փաստացի առկա եղել այն դեպքում, երբ իշխանությունները ցույց են տվել 60 միլիոն մանաթի ծախս:

«Բայց, ի տարբերություն դատախազի, մեր ռեպորտաժները միշտ հիմնված են եղել կոնկրետ փաստերի և փաստաթղթերի վրա, ոչ թե ենթադրությունների: Փաստացի, ի տարբերություն իմ դեմ մեղադրանքի, իմ պատմությունների հերոսը՝ Իլհամ Ալիևը իրապես թալանել է պետական բյուջեն և նրա ընտանիքի անդամներն այդ թալանի ուղիղ շահառուներն են»,- ասել է Իսմայիլովան:

«Իշխանության չարաշահման» մեղադրանքն առիթ է հանդիսացել, որ Իսմայիլովան իրեն «բախտավոր» համարի, ըստ ճառի՝ «տխրահռչակ» դատախազության համեմատ: Նա ճառի այս հատվածում դատախազության անգործությունն է երեսով տալիս՝ հիշատակելով առայժմ անհետևանք մնացած իր հետաքննությունը, ըստ որի՝ ոսկու արտահանման իրավունքը բաժին էր հասել հենց երկրի նախագահի ընկերություններից մեկին:

Ապօրինի գործարարությունը՝ Վիրջինյան կղզիներում

Ի լրումն տնտեսական մի շարք հանցագործությունների՝ ապօրինի գործարարության մեջ Իսմայիլովային մեղադրելու հետևանքը նրա ճառում ներառված հարցադրումն է՝ «դուք իսկապե՞ս գիտեք ինչ ապօրինի բիզնեսի մասին է խոսքը»: Իսմայիլովան նշում է, որ այս մեղադրանքն իր ամենասիրելի մեղադրանքն է և ճառի միջոցով է բացատրում՝ գործարարությունն ապօրինի է, երբ դրանում ներգրավվում են նախագահը, վարչապետը, պատգամավորներն այն դեպքում, երբ պետք է, որ ներգրավված չլինեին: «Ես իմ գործընկերների հետ շատ եմ զարմացել, որ մեր նախագահի անունը ներգրավված է Վիրջինյան կղզիներում հիմնադրված մի շարք ընկերություններում»,- իր ճառը փաստերով է զարդարել լրագրողը:

«Երջանիկ եմ, որ արել եմ իմ գործը»

«Ի վերջո բանտարկությունը սպասում է ինձ… Բանտարկության պայմաններում ես ի վիճակի չեմ լինի կատարել այս աշխատանքը: Բայց աշխարհի 100 լրագրողների նախաձեռնությունը՝ սկսել ընդգրկուն հետաքննական օպերացիա, ինձ իսկապես երջանկացնում է: Այո, ես կարող եմ լինել բանտում, բայց աշխատանքը կշարունակվի… Մենք գրում ենք, տեղեկացնում հանրությանը, եթե անգամ դրա գինը բանտարկությունն է կամ շանտաժը: Բայց ես երջանիկ եմ, որ արել եմ իմ գործը: Մենք՝ լրագրողներս, կարողացել ենք կանգնել հանուն մարդկանց և մեր պետության կողքին: Կոռուպցիան ոչ միայն հարստացնում է որոշ մարդկանց, այլև մյուսներին զրկում է հնարավորություններից, կրթությունից, առողջապահական ծառայություններից, և երբեմն՝ կյանքից»,- այս ճառը Խադիջա Իսմայիլովան ավարտում է դատավորին ուղղված մաղթանքով.- «Տիկի՛ն Ռամելլա, ես Ձեզ մաղթում եմ արձակուրդ՝ դատավճռից հետո… Ես հույս ունեմ, որ կեղտը, որի տակ դուք կդնեք Ձեր ստորագրությունը, հետ չի գա Ձեզ և Ձեր հարազատներին՝ բումերանգի օրենքով: Չնայած, իներցիայի օրենքը տեղ չի թողնում նման հույսերի համար»:

Հայտնի լրագրողի դատավճռի հրապարակումը նախատեսված է վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG