Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարարը աշխատանքային այցով կմեկնի Բաքու


Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, արխիվ

Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, արխիվ

Լավրովն ու Մամեդյարովը կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

Վաղը՝ սեպտեմբերի 1-ն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որտեղ բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Ըստ Ռուսաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրության, Լավրովն ու Մամեդյարովը քննարկելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և իրավիճակը տարածաշրջանում։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն, իր հերթին, հայտարարել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Ռուսաստանի դերը ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացում։

Ադրբեջանցի պատգամավոր Ռասի Մուսաբեկովի կարծիքով, հենց ղարաբաղյան խնդիրն է Լավրով-Մամեդյարով բանակցությունների առանցքում։ Պատգամավորը հիշեցնում է, որ Մոսկվայում Մամեդյարով-Լավրով հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացը փակուղուց հանելու հեռանկարներն ու հնարավորությունները։ Բաքվում այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն։

Թե ռուսաստանցի, թե ադրբեջանցի փորձագետներն ընդգծում են, որ Բաքուն և Մոսկվան քննարկելու շատ հարցեր ունեն այսօր։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնագրից հետո իրավիճակը տարածաշրջանում փոխվում է շատ արագ, և Մոսկվան կփորձի հասկանալ Բաքվի դիրքորոշումը Իրանի հետ հարաբերությունների հարցում։ Ըստ փորձագետների, եթե Մոսկվայի հետ բանակցություններում, Բաքվին առաջին հերթին հետաքրքրում է ղարաբաղյան խնդիրը, ապա Ռուսաստանը նախևառաջ հետաքրքրված է Ադրբեջանի էներգետիկ քաղաքականությամբ, և ամենից շատ տարաձայնություններ Ռուսաստանն ու Ադրբեջանը հենց այս հարցում ունեն այսօր։

Վերջերս Անթալիայում անցած բանակցությունները Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտգործնախարարների մասնակցությամբ չեն վրիպել Ռուսաստանի ուշադրությունից, քանի որ այդ եռակողմ հանդիպմանը քննարկվել է թուրքմենական գազը Ադրբեջանի տարածքով Եվրոպա տարհանելու հարցը, ինչը չի բխում Ռուսաստանի շահերից, քանի որ նվազեցնում է, տեսականորեն գոնե, եվրոպական երկրների կախվածությունը «Գազպրոմ»-ից։

Ռուս-ադրբեջանական շփումները վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են, իսկ երկու երկրների միջև հարաբերություններն այսօր ընդունված է կոչել «ռազմավարական համագործակցություն»։ Ռուսաստանցի փորձագետներից շատերն ընդունում են, որ Հարավային Կովկասում կարևորությամբ համար մեկ երկիրը Ռուսաստանի համար հենց Ադրբեջանն է այսօր։

Վերջերս ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ ամենայն հավանականությամբ 2017 թվականին Ռուսաստանը կսկսի ռադիոլոկացիոն կայան կառուցել Ադրբեջանի տարածքում։

XS
SM
MD
LG