Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ-ն կողմնորոշվել է. ԱԺ-ում կայուն մեծամասնություն ձևավորելու համար կարող է լինել երկրորդ փուլ


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Բաղդասարյանի փոխանցմամբ՝ նպատակահարմար է, որ մեծամասնությունը ձևավորվի ոչ թե առավելագույն ձայներ հավաքած ուժի, այլ երկու ուժերի կողմից։

Իշխող Հանրապետական կուսակցությունում արդեն կողմնորոշվել են՝ Սահմանադրության նախագծում խորհրդարանի ձևավորման դրույթի վերաբերյալ արդեն ունեն հստակ դիրքորոշում, «Ազատության»-ը փոխանցեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նա ասաց, որ հարցի շուրջ տարաձայնությունները տեխնիկական էին, և արդեն եկել են համաձայնության՝ խորհրդարանում կայուն մեծամասնություն ձևավորելու համար կարող է լինել ընտրությունների երկրորդ փուլ, և նպատակահարմար է, որ մեծամասնությունը ձևավորվի ոչ թե առավելագույն ձայներ հավաքած ուժի, այլ երկու ուժերի կողմից։

«Կարող է լինել երկրորդ փուլ, ձևակերպումը գնում է այդպես։ Կուսակցությունները կարող են կազմել կոալիցիա, եթե լինում է մեծամասնություն, արդեն, բնականաբար, այդ մեծամասնությունը կարող է կազմել կառավարություն։ Ընդհանուր այդ ներկյացվածի տեքստի հետ կապված մենք չունենք առարկություններ, բայց չի բացառվում, որ լիագումար նիստում նորից փոփոխություններ կրեն», - ասաց Բաղդասարյանը։

Դեռ անցած շաբաթ Հանրապետական խմբակցության ղեկավարն ասել էր, որ կայուն մեծամասնություն ձևավորելու հարցի շուրջ կուսակցությունում հստակություն չկա։ Նա նշել էր, թե մի քանի տարբերակներ ունեն. - «Կա տարբերակ, ենթադրենք, միայն առաջին տեղը գրաված քաղաքական ուժի շուրջ հավաքվի կոալիցիա, կա այլ առաջարկ, որ առաջին և երկրորդ ուժերի շուրջ հավաքվի կոալիցիան, կա առաջարկություն, որ ընդհանրապես երկրորդ փուլ լինի, անկախ նրանից, թե ինչ կոալիցիա կկազմվի»։

«Այդ կայուն մեծամասնության հետ կապված որևէ խնդիր չի եղել, որովհետև մենք միանշանակ կողմ ենք, որ պետք է լինի կայուն մեծամասնություն, որպեսզի Նոր Իտալիայի պատմությունը մենք չունենանք։ Այնտեղ 50 տարվա մեջ 55 կառավարություն է փոխվել, դա նրանից է, որ չի եղել կայուն մեծամասնություն։ Հիմա դրա ձևի հետ կապված էր, օրինակ, կար առաջարկություն, որ միայն մեկ կուսկացության շուրջ լինի կոալիցիա, որը հավաքել է առավելագույն ձայներ, կար առաջարկություն, որ առաջին, երկրորդ տեղերը գրաված քաղաքական ուժերի շուրջ լինի կոալիցիա, եկանք երկրորդ տարբերակին», - ասաց Բաղդասարյանը։

Փաստորեն, Հանրապետականում քննարկումներից հետո հանգել են այն ձևաչափին, որն առկա է նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացված նախագծում, այն է՝ եթե Ազգային ժողովի ընտրության առաջին փուլի արդյունքում կամ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները (դաշինքները):

Բաղդասարյանը կրկին շեշտեց՝ իրենք կողմնակից են կայունության և որ Սահմանադրության նախագծի այդ դրույթն ապահովվում է։

Հանրապետական խմբակցության ղեկավարը նաև փոխանցեց, որ խմբակցությունն առանձին հանդիպումներ է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ, առաջիկայում երկու հանդիպում էլ դեռ ունեն։

Բաղդասարյանի կարծիքով, մյուս հարցը նախագահի ընտրություններում ընտրիչների հարցն է։ Իր կարծիքով, ավելի լավ է նախագահին ընտրի խորհրդարանը, այլ ոչ թե Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ներկայացրած անձինք։ Սահմանադրության նախագծում ամրագրված է, որ Հանրապետության նախագահին ընտրում են պատգամավորներն ու ՏԻՄ-երի ներկայացուցիչները։ Այս դրույթի վերաբերյալ Հանրապետականում դեռևս հստակեցում չկա։

XS
SM
MD
LG