Մատչելիության հղումներ

Հանքարդյունաբերական մոտալուտ ծրագիրը Ծաղկաշատը երկու բանակի է բաժանել


Թեղուտի անտառը, արխիվ

Թեղուտի անտառը, արխիվ

Թեղուտում բաց եղանակով պղնձի հանք շահագործող «Վալլեքս» ընկերության հանքարդյունաբերությունը մինչև հարևան՝ անտառի միջին գտնվող Ծաղկաշատ հասցնելու մասին գյուղում հիմա բոլորն են խոսում։

Հարևաններով իրար տեսնելիս կամ գյուղամիջին հավաքվելիս հարցուփորձ են անում, ականջին հասած լուրերը տալիս-առնում։ Ընկերության՝ արմատներով ծաղկաշատցի սեփականատիրոջը ոմանք գովաբանում են, թե գյուղում աշխատատեղեր կստեղծի ու իրենց ոտքի կկանգնեցնի, շատերն էլ դեմ են՝ անտառը կվերանա, օդը կաղտոտվի։

Ծաղկաշատցի Գոհար Դալլաքյանը 4 երեխա ունի։ Ավագ երեխաները ամռանը անտառից հավաքած հատապտուղներով են ավելացնում անասնապահությունից գոյացած եկամուտը։ Դեմ է, որ Ծաղկաշատն էլ Թեղուտի նման հանքարդյունաբերության կենտրոն դարձնեն ու բնությունն ավիրեն։

«Բոլոր գյուղացիք էլ համաձայն չեն, որ գան, ստեղ էլի հանքատեղեր բացեն, քանդեն։ Ո՞ր գյուղացին կուզի, որ տենց ըլնի։ Ոչ մեկը։ Քանի որ սուտ խոստանում են, որ աշխատատեղեր կլինի, գյուղացուն խաբում են, հետո իրանք իրանց հանքերը բացում, գյուղացին մնում ա փաստի առաջ, ոնց որ Թեղուտում։ Քանի մարդ ընդունեցին, ուրախացան, հետո կամաց-կամաց կրճատեցին, հանեցին աշխատանքից»,- ասում է ծաղկաշատցի կինը։

Գոհար Դալլաքյանն կոնկրետ իր ամուսնու օրինակն է մատնացույց անում։ Ընդունել են աշխատանքի, կարճ ժամանակ անց, սակայն, կրճատման տակ գցել։ Այսօր ամուսինը հարկադրված տուն-տեղից կտրվել, Ռուսաստան է մեկնել։

Մինչդեռ ծաղկաշատցի մեկ այլ բնակիչ՝ Արարատ Փիրուզյանը, անհամբեր սպասում է գյուղում հանք բացելուն ու հույս կապում դրա հետ։ Ասում է՝ բնությունը բնություն, բայց ապրելու միջոց չունեն։

«Ուրախ կլինեմ, որ բերեն ոչ թե մի հանք, այլ 10 հանք բացեն։ 10 հանք, որ բաց անեն, մենք էլ լավ կաշխատենք, կապրենք, մեր ճամփեն էլ կսարքեն, կասֆալտեն, մենք էլ լավ կապրենք։ Սենց չենք ապրի։ Տենում ե՞ս իմ վիճակը։ Ըհը՛, գյուղում ապրող մարդ եմ։ 3 հատ երեխատեր, ի՞նչ անեմ, ասա»,- ասում է Փիրուզյանը։

Հարևան Թեղուտում հանքարդյունաբերության նպատակով անցած 10 տարիներին հատվել է շուրջ 400 հա անտառ՝ մոտ 190 հազար ծառ։ Ծաղկաշատցի Արարատը գիտի այդ մասին, բայց մտահոգ չէ։ Ասում է՝ միևնույնն է գյուղացին չի օգտվում անտառից։

«Անտառը տենո՞ւմ ես, այ քիրա։ Չեն թողնում անտառը կտրեմ, չեն թողնում ծախեմ։ Իրանք իրանց ծախողն էլ ունեն, իրանց կտրողն էլ ունեն։ Մենք ովքե՞ր ենք ստեղ։ Վկա՛ ենք։ Գյուղացի մարդիկ վկա մարդիկ են»,- ասում է նա։

Հարցը համայնքապետի հետ նաև ավագանին է քննարկել։ Թեև գյուղի վարչական տարածքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համաձայնություն են տվել, բայց դեմ են ու պատրաստվում է ուղերձ հղել մարզպետին, կառավարությանն ու հանրապետության նախագահին։ Գյուղապետ Հրաչիկ Պարանյանն ասում է, որ դեռ խորհրդային տարիներին այս տարածքն ուսումնասիրել ու անգամ ուրանի պաշարներ են գտել, բայց բնությանը ձեռք չեն տվել ու հանքարդյունաբերական գոտի չեն դարձրել։ Գյուղապետը համոզված է, որ այս անգամ ընդերքի պաշարները գոհացնելու են ընկերությանն ու այստեղ անտառները հանք են դարձնելու։

«Ինձ տեղեկացվել է «Վալլեքս» խմբի կողմից։ Շատ ծանր եմ տարել և չեմ հասկանում՝ ոնց կլինի։ Ինձ թվումա՝ գյուղացիները կհիասթափվեն գյուղից, նույնիսկ կարող է լքեն գյուղը և գնան։ Քանի որ բաց հանքի դեպքում լրիվ օդը աղտոտված է, Ծաղկաշատը կդառնա հանքավայրի մի մաս։ Եթե նույնը կատարվի ստեղ, ինչ կատարվել է Թեղուտում, շատ ցավալի կլինի»,- մտահոգվում է գյուղապետը։

«Վալլեքս» ընկերության ղեկավարները Ծաղկաշատի գյուղապետին արդեն մի քանի անգամ կանչել են՝ հարցը քննարկելու։ Հաջորդ հանդիպումը մոտ մեկ շաբաթից է նախատեսված։ Այս թեմայով Ալավերդիում նաև հանրային քննարկում կլինի։ Գյուղապետն ասում է` կգնա, կմասնակցի, բայց առանձնապես մեծ ակնկալիքներ չունի։ Համոզված է՝ անկախ իրենց եզրակացությունից, հաջորդ ամիս գյուղում կսկսեն երկրաբանական ուսումնասիրությունները։

«Էսօր եթե ձեռնարկեն, ավագանին ի՞նչ պիտի անի կամ համայնքի ղեկավարը, ինձ թվում ա՝ չեն կարա արգելեն, էլի։ Ես որպես համայնքի ղեկավար կարող եմ ասել՝ չի կարա։ Ասենք՝ պիտի ասեն աշխատատեղով ապահովում ենք, բայց մարդիկ իրանց աշխատանքն ունեն ստեղ, անասնապահությամբ լիարժեք զբաղվում են։ Մենք ոչ մեկի բիզնեսին չենք խանգարում, բայց արդեն մեր բիզնեսի խանգարում են»,- ասում է Պարանյանը։

80-ամյա Մարտին Մակինյանը 14 տարի կուսակցական քարտուղար է աշխատել ու խորհրդային տարիներին մի քանի անգամ դեպուտատ ընտրվել։ Դեմ է բնությանը վնասող ծրագրերին, բայց նա էլ համոզված է, որ գյուղի ավագանին իրադարձությունների վրա չի կարող ազդել։

«Ավագանին էլ ոչ օգնում ա գյուղապետին, ոչ գյուղի համար մտածում ա, որպես ավագանի կարող ա մի դիմում էլ գրի մարզպետին, որ սենց-նենց մեր վիճակն էսպես ա, էդ ավագանին չկա։ Գյուղապետին էլ օգնող չկա»,- ասում է Մակինյանը։

Գյուղապետն ու ավագանին թե այս հարցում ազդեցություն չունենան, գյուղացու խոսքն էլ վերև չի հասնի ու չի հասնի, համոզված են մոտ 300 բնակիչ ունեցող Ծաղկաշատի բնակիչները։

«Հաաա, որ լավ էլ դեմ եմ, ի՞նչ կարամ անեմ։ Ո՞վ եմ ես»,- ասում է գյուղացիներից մեկը.- «Էէէէ համայնք, ո՞ւր ա ստեղ համայնք։ 3 հոգի մարդ կա, համա՛յնք։ Համայնք չկա՛։

Դսեղի հարևանությամբ՝ Մոտկորի անտառներում ավելի քան մեկ տարի է` լեռնահետախուզական աշխատանքեր է իրականացնում «Վիկտորյա Սիլվեր» ընկերությունը: Իսկ մարզի Մղարթ-Հագվի գյուղերի` դարձյալ հարուստ բնություն ունեցող տարածքները Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերության ուշադրության կենտրոնում են:

XS
SM
MD
LG