Մատչելիության հղումներ

Թուրքիայի ժամանակավոր կառավարության կազմը կներկայացվի նախագահ Էրդողանին


Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, արխիվ:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, արխիվ:

Նախնական տեղեկությունների համաձայն, նախարարական տասնմեկ մանդատ կունենա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, երկու մանդատ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, քանի որ մեկ պատգամավոր հրաժարվել է Դավութօղլուի առաջարկից:

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջնորդները հրաժարվել էին ժամանակավոր կառավարության մաս կազմել: Սակայն Անկարայից ընտրված ազգայնական պատգամավոր Թուղրուլ Թյուրքեշը հայտնել է, որ պատրաստվում է ընդունել վարչապետի առաջարկը: Կուսակցությունը քննարկում է Թյուրքեշի հեռացման հարցը, որը «Ազգայնական շարժման» հիմնադիրներից Ալփասլան Թյուրքեշի որդին է:

Թուրքիայի սահմանադրության համաձայն, մյուս թափուր մնացած նախարարական մանդատները կստանձնեն անկախ պատգամավորները: Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում, թե Դավութօղլուն մտադիր է մի քանի մանդատ տալ թուրք ազգայնական գործիչներին:

Ժամանակավոր կառավարությունը երկիրը ղեկավարելու է մինչև արտահերթ ընտրությունները՝ նոյեմբերի 1-ը: Վարչապետ Դավութօղլուն այսօր հայտարարել է, որ ժամանակավոր կառավարությունը ամենայն լրջությամբ է աշխատելու․ - «Մենք թույլ չենք տա, որպեսզի երկիրը ղեկավարության պակաս զգա: Նոյեմբերի 1-ին ընդառաջ աշխատելու ենք ինչպես 4 տարվա համար ընտրված կառավարություն։ Այս հարցում մեր ազգը թող հանգիստ լինի»:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոալիցիոն բանակցությունների տապալումից հետո արտահերթ ընտրությունների որոշում էր կայացրել՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարելով ժամանակավոր կառավարություն կազմավորել: Թուրքիայի պատմության ընթացքում սա աննախադեպ երևույթ է: Նման կառավարության կարիք նախկինում չի եղել:

Թուրքիայում ստեղծված այս նոր իրավիճակին ոչ-միանշանակ են արձագանքում ինչպես երկրի ներսում, այնպես էլ Արևմուտքում: Մի շարք թուրք վերլուծաբաններ կարծում են, որ Էրդողանը չարաշահում է իր լիազորությունները և կայացրած որոշումներով, ըստ էության, երկրում հեղաշրջում իրականացնում:

Թուրք լրագրող Սոներ Յալչընը գրում է, թե նախագահ Էրդողանը և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը իրենց սպառել են և երկիրը տանելով արտահերթ ընտրությունների, պարզապես փրփուրներից են կախվում:

Իսկ բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսը քննադատել է Էրդողանի վարած քաղաքականությունը՝ այն համեմատելով թղթախաղի հետ: «Էկոնոմիստը» գրում է, թե Էրդողանը, արտահերթ ընտրությունների կոչ անելով կարծես «զառ է գցում»՝ հույս ունենալով, որ կարող է շահել քաղաքացիների վստահությունը: Մինչդեռ նախընտրական հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանի այս արկածախնդրությունը ցանկալի արդյունքի չի հանգեցնելու:

XS
SM
MD
LG