Մատչելիության հղումներ

ՀՀՇ վարչության անդամը լքում է կուսակցությունը


ՀՀՇ վարչության արդեն նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը, արխիվ:
ՀՀՇ վարչության արդեն նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը, արխիվ:

Սերժ Սարգսյանի հետ իր կուսակիցների հանդիպումից ժամեր անց Կարապետ Ռուբինյանը դադարեցրեց անդամակցությունը Հայոց համազգային շարժմանը (ՀՀՇ):

Սերժ Սարգսյանի հետ իր կուսակիցների հանդիպումից ժամեր անց Կարապետ Ռուբինյանը դադարեցրեց անդամակցությունը Հայոց համազգային շարժմանը՝ հայտարարելով, թե ինչպես նախորդ անգամ, երեկ նույնպես մամուլից է տեղեկացել, որ ՀՀՇ ղեկավարները հանդիպել են «սպանությունների, բռնությունների ու զանգվածային քաղաքական հալածանքների միջոցով երկրում իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի հետ» և, ինչպես այլ ՀՀՇ-ականների, նաև իր անունից նրա հետ քննարկել սահմանադրական բարեփոխումները:

«Ստեղծված իրավիճակում, երբ ի հեճուկս առաջին հանդիպման առիթով հրապարակավ հայտնած իմ անհամաձայնության ու բողոքի` ընդդեմ որդեգրված հակաժողովրդավարական գործելաոճի, համառորեն կրկնվում է նույնը, ստիպված եմ հայտարարելու կուսակցությանը իմ անդամակցությունը դադարեցնելու մասին», - վաղ առավոտյան «Ֆեյսբուք»-ում գրել է ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը:

Կուսակցության վարչությունից նախագահական գնացած Ալեքսանդր Արզումանյանն ի պատասխան հայտարարում է, թե ՀՀՇ-ում բազմակարծություն է և կուսակցությունից հեռանալը Ռուբինյանի իրավունքն է․ - «Ինքն է որոշում իր քաղաքական քայլերի հաջորդականությունը: Ինչ վերաբերում է իր անունից թե չէ, այո, մենք կուսակցություն ենք, եղել է դեռևս առաջին փուլում վարչության նիստ, որը լիազորել է մեզ քննարկել և առաջարկներ ներկայացնել, և եթե առաջարկությունների մի մասը ընդունվի, շարունակել այդ գործընթացը, քանի որ մենք, լինելով Ազգային ժողովում ներկայացված կուսակցություն, չենք կարող անմասն մնալ այս քաղաքական գործընթացից և լուսանցք նետվել: Այդ առումով մենք շարունակել ենք: Այս վերջին հանդիպման վերաբերյալ մենք որևէ վարչություն չենք արել, որովհետև դրա լիազորությունը ստացել ենք նախապես՝ առաջին հանդիպման ժամանակ: Կարապետ Ռուբինյանի հետ խոսել եմ մեկ ամիս առաջ, ինքը պնդել է, որ դեմ է, ինչը, բոլորս էլ գտնում ենք, որ իր իրավունքն է, և պարտադիր չէ, որ կուսակցության բոլոր անդամները նույն կարծիքին լինեն»:

Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Ռուբինյանն այսօրվա հայտարարությունում արդեն նախկին կուսակիցներին հիշեցնում է, թե ինչու 2013-ին որոշվեց վերակազմավորել Հայոց համազգային շարժումը․ ընդվզել էին «կուսակցությունը մեկ անձի քմահաճույքով լուծարելու դեմ», գրել է Ռուբինյանը՝ ակնարկելով, թերևս, որ առաջին նախագահի առաջարկով ՀՀՇ-ն տարալուծվեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կազմում:

Հիմա, ըստ Ռուբինյանի, կուսակցության ղեկավար կազմի գործելաոճը հակասում է երկու տարի առաջ ընդունած սկզբունքներին:

«Ոչ թե այս կամ այն անձի քաղաքական ամբիցիաներն ենք սպասարկում, այլ՝ մեր քաղաքական սկզբունքները: Եվ համախմբվել ենք սկզբունքների շուրջը: Վարչության անդամներն ազատ են իրենց կարծիքը արտահայտելու: Սա կամավոր միություն է, կամավոր մտնում, կամավոր դուրս են գալիս: Մենք որևէ անելիք չունենք․ ինքը պետք է որոշի՝ իրեն համարո՞ւմ է կուսացկության անդամ, չի՞ համարում», - ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Նրա փոխանցմամբ՝ վարչությունում, որի կազմում են Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանն ու այլ հայտնի ՀՀՇ-ականներ, միայն Ռուբինյանն է դեմ եղել նախագահական գնալուն: Նրա կարծիքն ընդունվել է ի գիտություն:

Նախկին արտգործնախարարն արձագանքեց նաև անձամբ իր հասցեին հնչող քննադատությանը, թե մի մարդու ձեռքն է սեղմել, ով իրեն բանտարկել էր․ - «Այո, ես քաղհալածյալ եմ եղել և՛ Սարգսյանի օրոք, և՛ Ռոբերտ Քոչարյանի օրոք, և՛ կոմունիստների օրոք: Ճիշտն ասած, դա չի նշանակում, որ ես չպետք է ապրեմ այս երկրում: Ես ոչ թե կոնկրետ անձի հետ եմ հանդիպում, այլ մենք քննարկում ենք պրոցեսը, քննարկում ենք սահմանադրական կարգի փոփոխությունը, ինչը մեր ծրագրային դրույթներից է․ մենք կողմնակից ենք խորհրդարանական կառավարման համակարգին»:

XS
SM
MD
LG