Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն արդեն Լյուդմիլա Սարգսյանի նախկին քաղաքական հակառակորդն է


Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունում է Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին
Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունում է Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին

Ընդդիմադիր Լյուդմիլա Սարգսյանը Բաղրամյան 26-ից դուրս գալով Սերժ Սարգսյանի՝ որպես քաղաքական հակառակորդի մասին խոսեց անցյալ ժամանակով։

«Հանդիպումը հաջող էր, որովհետև մենք ժամանակին լուրջ քաղաքական հակառակորդներ ենք եղել և շփումը, բնականաբար, հեշտ չէ»,- ասաց Սարգսյանը։

Հանդիպումը Լյուդմիլա Սարգսյանը նաև բովանդակային գնահատեց։ Ասաց՝ Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյանները ներկայացրել են բոլոր մտահոգությունները, շատերի վերաբերյալ ստացել համոզիչ բացատրություններ, նախընտրեց չմանրամասնել հատկապես որոնց։ Հավաստիացրեց՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացում Սերժ Սարգսյանը չի խնդրել իրենց աջակցությունը, բայց նրան «ոչ» էլ չեն ասել, ինչպես վերջին երկու օրերին նախագահական գնացած մյուս ուժերը։ Նախագիծը պետք է մանրակրկիտ քննարկեն։

«Սերժ Սարգսյանը ոչ մեկից ոչինչ չի խնդրել, համենայնդեպս, մեզանից ոչինչ չի խնդրել»,- ասաց Սարգսյանը։

Ընդամենը մեկուկես ամիս առաջ Լյուդմիլա Սարգսյանը կանխատեսում էր՝ «կարծում եմ` սահմանադրական փոփոխությունների գործընթացը կտապալվի և ոչ միայն մեր օգնությամբ»։ Կամ սահմանադրական բարեփոխումները համարում էր «Սերժ Սարգսյանի վերարտադրման միջոց»։ Հայտնած վերջին տեսակետի կողքին այսօր նորն էլ դրեց.- «Բացի էն, որ կարելի է մտածել, որ վերարտադրության խնդիր է լուծվում, նաև այս նոր Սահմանադրությամբ անվտանգության խնդիր է լուծվում, որովհետև ամեն մի նախագահական ընտրություն ցնցում է, կրքերի բորբոքում է, և նախագահական համակարգից անցում պառլամենտական համակարգին հավանաբար հետապնդում է նաև այդ նպատակը, որ երկիրը ցնցումներից զերծ պահի»։

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետը 2012-ին պատգամավոր է դարձել Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով։ Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժը, սահմանադրական բարեփոխումների ամենաթունդ քննադատը լինելով, շաբաթասկզբին մերժել էր Բաղրամյան 26-ի նույնանման հրավերը։ Լյուդմիլա Սարգսյանը հավաստիացնում է, թե ինքը հրավերը ընդունելու պատճառ է ունեցել։ ՀԱԿ խմբակցության պատգամավորը տարբեր հարցազրույցներում չի թաքցնում՝ վիրավորված է «Չորրորդ իշխանություն» թերթի երեկվա հրապարակումից, որտեղ իրեն անվանել էին «այո»-ի հաճախորդ։

«Վերջին կաթիլը իմ գործընկերների անբարո վերաբերմունքն էր իմ նկատմամբ»,- ասաց Սարգսյանը՝ անուններ չհնչեցնելով։

Սարգսյանն ասում է՝ ՀԱԿ-ի հետ պայմանագիր չի ունեցել, որ միշտ պետք է համակարծիք լինեն, ուստի մանդատից հրաժարվելու մասին չի էլ մտածում.- «Մանդատը ես վաստակել եմ և ինձ չի նվիրվել, ես այդ մանդատը վայր չեմ դնելու, ընդ որում դա ես չեմ վաստակել, այլ կուսակցությունը, ում հետ մենք պայքարել ենք, աշխատել ենք, դրա արդյունքում է, որ ես Ազգային ժողովում եմ»։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն «Ազատության» հետ զրույցում այսօր հրաժարվեց մեկնաբանել իրենց պատգամավորի՝ նախագահական գնալու որոշումը։ «Մեկնաբանության կարիք չկա, առանց այն էլ ամեն ինչ պարզ է»,- ասաց։

Ի դեպ, այսօր պարզվեց, որ Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկելու հրավերը մերժել է ՀԱԿ գործընկեր Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ-ն։ Ինչպես «Ազատությանը» փոխանցեց կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը, իրենց մոտեցումը պարզ է՝ դեմ են, ուստի անիմաստ են համարում մասնակցել քննարկմանը։

XS
SM
MD
LG