Մատչելիության հղումներ

Դրա հիմնական պատճառների թվում առանձնացվում են ցածր կենսամակարդակով պայմանավորված ծնելիության անկումն ու արտագաղթը:

Կազմակերպության Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի վկայաբերմամբ, 2100 թվականին Հայաստանում կապրի մոտ 1.8 միլիոն մարդ: Բացասական այս կանխատեսումների հիմնական պատճառը, ըստ ՄԱԿ-ի զեկույցի, ծնելիության անկումն է և արտագաղթը:

«Ուղղակի պետք է հասկանալ իրավիճակի լրջությունը և փորձել հնարավորինս էֆեկտիվ և ժամանակին լուծումներ գտնել, որպեսզի փորձ արվի փոխել այս տենդենցները»,-ասում է ՄԱԿ-ի փորձագետը:

Կառավարությունում ներկայումս քննարկվում է ժողովրդագրական նոր գործողությունների եռամյա ծրագիրը: Մասնագետները, սակայն, նշում են, որ նման պաշտոնական փաստաթղթերը շատ դանդաղ են իրականություն դառնում, դրված նպատակներն էլ միշտ չէ, որ դիպուկ են:

Օրինակ, ուսումնասիրութոյնների արդյունքում պարզվել է, որ ընտանիքներին միայն ֆինանսական աջակցություն տրամադրելը բավարար չէ ծնելիությունը խթանելու համար․ անհրաժեշտ է լուծել նաև մանկապարտեզների ու գործազրկության հարցը:

«Որովհետև մենք այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ ընտանիքի մեկ աշխատողը չի կարող ապահովել բարեկեցիկ կյանք իր ընտանիքի համար, պետք է երկրորդը լինի, իսկ որպեսզի երկրորդը լինի, երեխան չպետք է խոչընդոտ հանդիսանա այդ ընտանիքի բարեկեցության ապահովման համար»,-շարունակում է Հայրապետյանը:

Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը վստահ է՝ քաղաքական և սոցիալ-տնտեսական համակարգերի առողջացումը միայն կփրկի իրավիճակը և կմեղմի հոռետեսական կանխատեսումները: Փորձագետն ընդգծում է՝ քաղաքացին պետք է հույս կապի երկրի ապագայի հետ, ունենա արդարության զգացողություն:

«Այսօրվա հետազոտությունները ցուց են տալիս, որ հայ մարդը ցանկությունների, պատկերացումների մակարդոակում ձգտում է երկու-երեք երեխա ունենալ, բայց իրականացման մակարդակում ինքն արդեն ստիպված իջեցնում է այդ պլանկան»,-ասում է Եգանյանը:

Ծնելիության ցածր մակարդակից բացի, ըստ ժողովրդագրագետի, Հայաստանում շարունակում է լրջագույն խնդիր մնալ արտագաղթը: Եգանյանը վստահ է՝ դրա հիմնական պատճառը ոչ թե աշխատատեղերի բացակայությունն է, այլ առաջարկվող ցածր աշխատավարձը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանից հեռացած ձեռներեցներն արտերկրում, որպես կանոն, կարողանում են հաջողության հասնել, մինչդեռ սեփական հայրենիքում քչերի մոտ է բիզնեսը զարգանում․

«Էսօրվա դրությամբ ստեղծված մոնոպոլ տնտեսության պայմաններում փոքր ու միջին բիզնեսի բարեկեցիկ կյանքի հնարավորություններ չկան, էդ ակտիվ մարդիկ, որոնք էդ հնարավորությունների առկայության պայմաններում կմնային Հայաստանում, մի բան կստեղծեին, համ իրենց կապահովեին, մի երկու հոգու համար էլ աշխատատեղ կստեղծեին, էսօր էդ ակտիվ մասսան շարունակաբար դուրս է գնում: Եթե տնտեսական համակարգում էական փոփոխություններ չլինեն, դժվար է որևէ ակնկալիք ունենալ»,-ասում է ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը:

Ըստ ՄԱԿ-ի հիշյալ կանխատեսումների, առաջիկա տարիներին բնակչության թիվը կնվազի ամբողջ աշխարհում: Ըստ այդմ՝ 2100 թվականին Ադրբեջանում կապրի մոտ 9.5 միլիոն մարդ, Իրանում բնակչությունը կկազմի 63-64 միլիոն, Թուրքիայում՝ 87 միլիոն, Վրաստանում՝ 3․5 միլիոն մարդ:

Տարածաշրջանում ամենամռայլ պատկերն այս առումով, փաստորեն, կլինի Հայաստանում, որտեղ կապրի 2 միլիոնից պակաս մարդ:

XS
SM
MD
LG