Մատչելիության հղումներ

logo-print

Շարմազանով. Միայն մեծ ցանկության դեպքում է հնարավոր ՀԱԿ-ին և «Ժառանգությանը» դասական առումով կուսակցություն կոչել


Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո՝ ասուլիսի ժամանակ, 27-ը օգոստոսի, 2015

Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո՝ ասուլիսի ժամանակ, 27-ը օգոստոսի, 2015

Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկը մինչև այս պահը մերժել են ընդդիմադիր ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը։

Իշխող Հանրապետական կուսակցությունը վստահեցնում է՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քաղաքական կոնսուլտացիաներին մասնակցած գրեթե բոլոր ուժերը պառլամենտական համակարգին և համամասնական ընտրակարգին անցնելու գաղափարը դրական են գնահատել։

Երեկ երեկոյան նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. - «Որոշ ուժեր, ովքեր որ նախկինում ծանոթ չէին փաթեթին, ծանոթ չէին փոփոխությունների էությանը, դեռևս ակտիվ քննարկման փուլում չէին, այսօր մենք արդեն տեսնում ենք, որ քննարկումների երկրորդ փուլում նրանք ակտիվորեն մասնակցում են և նույնիսկ առաջարկություններով են հանդես գալիս»։

Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկը մինչև այս պահը մերժել էին միայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն»-ը։

Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագիր է համարում և պայքարում է դրա դեմ։ Իսկ «Ժառանգություն»-ը պնդում է, թե այս անգամ որոշել են Բաղրամյան 26 չգնալ, քանի որ նախորդ հանդիպմանը հնչեցրած իրենց առաջարկները չեն ընդունվել։

Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա կոնսուլտացիաների առաջին փուլում այս կուսակցությունը ընդհանրապես հանդիպման հրավեր չէր ստացել, իսկ այս անգամ ստացել, բայց մերժել էր։

Էդուարդ Շարմազանովը, ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդյո՞ք երկու ընդդիմադիր կուսակցությունների որոշումը կվնասի Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացին, հայտարարեց. - «Միայն մեծ ցանկության դեպքում և վերապահումով է հնարավոր այս ուժերին դասական առումով կուսակցություն կոչել»։

Հանրապետականի խոսնակը իր հայտարարությունն այսպես հիմնավորեց․ «Ժառանգության» դեպքում խորհրդարանական խմբակցության ղեկավարը քննարկումներին դրական է վերաբերվում, խմբակցության երկու պատգամավորներն էլ՝ Ալեքսանդր Արզումանյանը և Խաչատուր Քոքոբելյանը, գնացել են նախագահական՝ իրենց կուսակցություններով։

Անդրադառնալով ՀԱԿ-ին՝ Շարմազանովը նշեց. - «ՀԱԿ-ն ինքն իրեն արդեն երկար տարիներ գցել է լուսանցք, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ունենա երկու գործառույթ՝ մասնակցել ընտրություններին, իսկ մենք տեսնում ենք, որ որևէ ՏԻՄ ընտրությանը ՀԱԿ-ը չի մասնակցում, և գործառույթ համար երկու՝ մասնակցել քաղաքական դեբատներին, ՀԱԿ-ը ևս սրանց չի մասնակցում։ Եթե քաղաքական ուժը ընտրություններին չի մասնակցում, քաղաքական դեբատներին չի մասնակցում, եթե նա քաղաքական ուժ է, ուրեմն դուք կարող եք ասել, ես չեմ մեկնաբանում»։

ՀԱԿ-ում իշխող կուսակցության խոսնակի հայտարարության պատճառը գիտեն․ ըստ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ Հանրապետականում պարզապես չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ՀԱԿ-ը, մերժելով նախագահ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկը, «տապալեց շոուն»․ - «Բնական ռեակցիա է: Երևի շատ վառված են, որ իրենց շոուն չհաջողվեց։ Որովհետև ցանկանում էին ներկայացնել ամբողջ աշխարհին և մեր հանրությանը, որ սա բնականոն մի գործընթաց է, որին մասնակցում են բոլոր կուսակցությունները»:

Իսկ մի քանի ընտրությունների մասնակցած «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն արձանագրում է՝ եթե Սերժ Սարգսյանի հետ չես հանդիպում, փաստորեն քեզ կարող են պիտակավորել: Մինչդեռ իրենք նախագահի հետ հանդիպելը իրենց գործառույթը չեն համարում․ - «Ժառանգությունը դասական կուսակցություն է՝ ի տարբերություն Հանրապետական կուսակցության, որը բառիս բուն իմաստով ուղղակի ադմինիստրատիվ ռեսուրսի կենտրոնացում է: Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ ՀՀՇ-ի հետ, երբ իշխանությունից դուրս եկավ, ուստի, երբ որ Հանրապետական կուսակցությունը իշխանությունից դուրս կլինի, այդ ժամանակ կտեսնենք, թե Հանրապետական կուսակցությունից ընդհանրապես ինչ կմնա»:

Երկու ընդդիմադիր ուժերը վստահ են, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները անթույլատրելի են, դրա դեմ պայքարի մեկնարկը տրված է: Չնայած խորհրդարանում քիչ աջակիցներ ունեն, բայց դիրքերը նաև այնտեղ չեն զիջի: Իսկ փողոցային պայքարը շուտով կկսկվի․ այժմ կուսակցությունները հանդիպումներ են անցկացնում։

Լևոն Զուրաբյանի խոսքով, ՈՉ-ի ճակատը արդեն ձևավորված է․ այս անգամ եռյակ-քառյակ ձևաչափեր չեն ստեղծելու, քանի որ դա կվերածվի «փիառ շոուի» ու միգուցե վնասի պայքարին․ - «Մենք մեր գործողություններով, ոչ միայն «Ժառանգության» հետ, այլ նաև Հիմնադիր խորհրդարանի հետ, բազմաթիվ հասարակական կազմակերպությունների հետ մենք հիմա ծառայում ենք նույն նպատակին: Դա նշանակում է, որ մենք արդեն գտնվում ենք համագործակցության մեջ»:

Ե՛վ ՀԱԿ-ում, և՛ »Ժառանգություն»-ում սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարում հատկապես կարևորում են քաղաքացիական շարժումների և ժողովրդի դերը։

«Ժառանգություն»-ում նույնպես վստահ են, որ համագործակցության մեկնարկը ՈՉ-ի ճամբարում տրված է․ - «Կարծում եմ, ՈՉ-ի ճամբարը շատ ավելի մեծ է, քան միայն կուսակցություններն են՝ այդ թվում նաև «Ժառանգությունը»»:

Նույն թեմայով

XS
SM
MD
LG