Մատչելիության հղումներ

Իրավիճակը համեմատելով անցյալ տարի օգոստոսին ստեղծված լարված իրադրության հետ, Բաբայանը այն համահավասար գնահատեց:

Ղարաբաղաադրբեջանական զինված ուժերի շփման գծում վերջին օրերին սրված իրավիճակը Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը կապում է Ղարաբաղում սպասվող առաջիկա տոնակատարությունների հետ: Այսօր ԼՂ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ գիշերը ժամը 01.40-ի սահմաններում շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի 20-25 հոգուց բաղկացած հատուկ ջոկատայինների փորձել են դիվերսիա իրականացնել: Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդմամբ, հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կանխվել է, ծավալված մարտերում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: ԼՂ ՊԲ հաղորդագրությունների համաձայն, հրադադարի ռեժիմի խախտումները շփման գծում վերջին շաբաթվա ընթացքում սրվել է:

Բաբայանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ ադրբեջանական կողմի կիրառած զինտեխնիկայի ու զինատեսակների առումով իրավիճակը կարելի է համեմատել անցած տարվա օգոստոսյան լարվածության հետ․ - «Իմ կարծիքով, համահավասար է ինչ-որ ձևով՝ հաշվի առնելով հատկապես նրանց կողմից կիրառվող զենքերը, ծանր զինատեսակները»:

Բաբայանը հակառակորդի այս ակտիվությունը կապում է հաջորդ շաբաթ Ղարաբաղում նախատեսված տոնակատարությունների հետ․ - «Սեպտեմբերի 2-ը Ղարաբաղի հանրապետության հռչակման օրն է, Ղարաբաղի կարևորագույն տոներից մեկը, այդ պատճառով հակառակորդը հենց այս ժամանակահատվածում է աշխատում է սրել իրադրությունը»:

Ադրբեջանական լրատվամիջոցները իրենց հերթին, հայտնում են, որ ադրբեջանական զինված ուժերի դիրքերի վրա կրակել են հայկական կողմից՝Իջևանի դիրքերից: Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում, չհերքելով այս տեղեկությունը, նշեց, որ հայկական զինված ուժերը միայն «պատասխանում են» հակառակորդի՝ հրադադարի ռեժիմի խախտումներին, ընդ որում՝ «պատասխանում են խախտումների մի մասին միայն»:

«Վերահսկվում է իրավիճակը մեր կողմից: Այս բոլոր գործողությունները որևէ ձևով չեն փոխում ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը սահմանին», - հավելեց Դավիթ Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG