Մատչելիության հղումներ

Աստանայում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը


Լուսանկարը՝ Հայաստանի գլխավոր դատախազության
Լուսանկարը՝ Հայաստանի գլխավոր դատախազության

Աստանայում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 25-րդ հոբելյանական նիստը՝ նվիրված կառույցի ստեղծման 20-ամյակին:

Հայաստանի գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ Ֆորումի աշխատանքներին մասնակցել են ԱՊՀ գլխավոր դատախազությունների պատվիրակությունները՝ Ղազախտանի գլխավոր դատախազ Ասխատ Դաուլբայևի, Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, Բելառուսի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկի, Ղըրղզստանի գլխավոր դատախազ Ինդիրա Ջոլդուբաևայի, Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի, Տաջիկստանի գլխավոր դատախազ Յուսուֆ Ռախմանի, Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովի, Մոլդովայի գլխավոր դատախազի տեղակալ Յուրի Գառաբայի, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևի և ԱՊՀ անդամ-պետությունների ԳԴՀԽքարտուղար Լեոնիդ Երմոլաևի գլխավորությամբ:

ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան ընդգծել է քննարկվող հարցերի կարևորությունն ու արդիականությունը` տարածաշրջանում նոր մարտահրավերների ու սպառնալիքների առաջանալու համատեքստում:

«Հայաստանի Հանրապետությունը սույն թվականի հունվարի 2-ից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որն ընդհանուր առմամբ մեր երկրին ընձեռում է շահավետ տնտեսական հեռանկարներ, սակայն անհանգստանալու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ գլոբալիզացիայի գործընթացում, ինչը ենթադրում է միջազգային սոցիալ-տնտեսական միասնական գոտու ստեղծում, փոխվում է հանցավորության էությունը՝ որն արդեն կրում է սահմաններ չճանաչող անդրազգային բնույթ` խախտելով մեկից ավելի պետությունների օրենսդրություններ», - ասել է Գևորգ Կոստանյանը:

Հայաստանի գլխավոր դատախազի խոսքով, անդրազգային տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում գործնական քայլեր ձեռնարկելու համար «վճռորոշ են օրենսդրական միջոցների մշակումը և գործընկերների հետ ջանքերի միավորումը»։

Հայաստանի դատախազության փոխանցմամբ՝ նիստի մասնակիցները քննարկել և վերլուծել են գլխավոր դատախազություններում տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքային փորձը, հանցավորության, կաշառակերության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի փորձը, ծայրահեղական և ահաբեկչական դրսևորումների հակազդման, թմրամոլության, քաղաքացիների՝ ծայրահեղական կազմակերպություններ ներգրավելու, մարդկանց վաճառքի և ապօրինի արտագաղթի դեմ պայքարի փորձը:

Հաստատվել են գլխավոր դատախազների համակարգող խորհրդի դրոշն ու խորհրդանշանը, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք կարգավորում են ԳԴՀԽ համագործակցությունը Հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի և ԱՊՀ երկրների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի հետ:

Քննարկումների արդյունքում ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազությունների ղեկավարները ստորագրել են օրակարգի որոշումները, որոնք սահմանում են միջազգային համագործակցության առաջնային խնդիրներն առաջիկա ժամանակահատվածի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG