Մատչելիության հղումներ

Մոտ մեկ շաբաթ առաջ սեփական այգում օձի խայթոցից հիվանդանոց տեղափոխված ու մահացած Սուրենավան գյուղի (Արարատի մարզ) բնակիչ Կարինե Հարությունյանի հարազատները մեղադրում են տեղի բժիշկներին։

Մորը կորցրած որդին ու դուստրը պնդում են՝ Արարատի հիվանդանոցի բժիշկը երկու անգամ է ծանր վիճակում գտնվող կնոջը տեսել՝ մեկ հիվանդանոց ընդունելիս, մեկ էլ Երևան ուղարկելիս։

«Բարձրացրել են ռեանիմացիա, եղել է մի քույր, օրվա ընթացքում ես բժիշկ չեմ տեսել իրա մոտ»,- ասաց որդին։

Դեպքից հետո արդեն հիվանդանոցում 55-ամյա կնոջ մարմինն, ըստ հարազատների, րոպե առ րոպե սկսել է այտուցվել, ոտքը սևացել է, արյուն է միզել։ Ներկա բուժքույրը սակայն այդ երևույթները վերագրել է նրա գիրությանը։

«Ասում եմ՝ մամայի փորը ոնց որ ուռած ա, ասում է՝ դե, մամադ չաղ է, որ պառկած է ստեղ...»,- պատմեց դուստրը։

Մահացած քրոջ քույրը՝ Մարինե Գրիգորյանը պատմում է, որ իրենք են անհրաժեշտ դեղորայք ու պարագաներ գնել վերակենդանացման բաժանմունքում պառկած հիվանդի համար.- «Բժիշկը որ եկավ, ասաց՝ գնացեք կադետր, ձեռնոց բերեք, եսիմ ինչ բերեք, անմիջապես վազեցի ապտեկա, գնեցի բերեցի, տվեցի իրենց»։

Հարազատները թերահավատ են, թե խայթոցի դեմ անհրաժեշտ դեղամիջոցի ներարկումը ժամանակին է կատարվել, կասկածում են, որ այն ընդհանրապես չի էլ եղել։ Արարատում ութ ժամ պահելուց հետո են կնոջը տեղափոխել Երևան։

«Եթե իրենք կարան ապացուցեն էդ ամեն ինչը, էդ օրվա սրսկած ամպուլան թող բերեն ապացուցեն, ստորագրությունով է էդ ամեն ինչը դուրս գալիս, ես չեմ ստորագրել, չկա դա»,- ասում է որդին։

Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ հասկանալով հարազատների վիշտը, չի ցանկանում խոսել այս թեմայով։ Պնդեց, թե ամեն ինչ արվել է ճիշտ ու ժամանակին, բժիշկն աշխատել է անթերի, և այսօր հիասթափված է իր հասցեին հնչող մեղադրանքներից։ Սարդարյանը պնդեց, որ դեղը ժամանակին է ներարկվել, Երևան տեղափոխվելը չի ձգձվել։

«Ասում են՝ կեսը արել են, կեսը չեն արել... էդ դեղամիջոցը բացելուց հետո պահպանման ենթակա չէ, պահո՞ւմ եմ, ինչ անեմ։ Ինչի՞ ենք ուշ սրսկել... իմաստը՞, ախր էդ փրփուրների իմաստը չեմ հասկանում։ Բժիշկն առաջին երեք ժամը եղել է իր կողքին, և դա կապացուցի մի ամբողջ անձնակազմ և օտար մարդիկ, որ եղել են ընդունարանում։ 30 րոպեն մեկ, 20 րոպեն մեկ էդ բժիշկը էկել, գնացել է»,- պնդեց տնօրենը։

«Էրեբունի» բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ նույն օրը Կարինե Հարությունյանը իրենց մոտ է տեղափոխվել արդեն ծանր վիճակում՝ սևացած ոտքով և րոպե առ րոպե մթագնող գիտակցությամբ։ Տեղում կատարվել է ոտքի վիրահատություն, բայց օրեր անց հիվանդը մահացել է։ Ի դեպ, առողջապահության նախարարությունն օրեր առաջ պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, թե կինը հիվանդանոց է տեղափոխվել խայթոցից 12 ժամ հետ, այն դեպքում, երբ հարազատների խոսքով՝ տարել են խայթոցից տասը րոպե անց։

Նախարարությունն այսօր ներողություն է խնդրել այս անճշտության համար՝ խոստանալով պատժել համապատասխան աշխատակցին։ Հարազատներին սա չի բավարարում, ուզում են հանդիպել նախարարին՝ պահանջելու պատժել նաև Արարատի հիվանդանոցի աշխատակիցներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG