Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյանը սահմանադրական փոփոխությունները հեղաշրջման փորձ է համարում


Ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյան

Ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյան

Ազգային ժողովի պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը սահմանադրական փոփոխությունները հեղաշրջման փորձ է համարում:

«Պառլամենտական հանրապետություն բացահայտորեն չի ստացվել, ընտրական իրավունքը՝ իր չորս հատկություններով՝ ուղղակի, համընդհանուր, ազատ ու գաղտնի, վերացված է։ Այո, ինչ-որ տեղ կարելի է համաձայնել այն կարծիքի հետ, որ սա պետական փորձ է»,- «Ազատությանը» ասաց Բագրատյանը։

Նախագծով առաջարկվող փոփոխությունները բոլոր ոլորտներում հետընթաց համարելով՝ Բագրատյանը նաև լուրջ վտանգներ է տեսնում հրապարակված նախագծի հոդվածներում: Սակայն ամենամեծ վտանգն, ըստ Բագրատյանի, փոփոխությունները կյանքի կոչելու դեպքում սպառնում է հանրապետությանը։

«Պառլամենտական հանրապետություն կամ բարեփոխում բառի տակ, որը սուտ է, մենք վերացնում ենք հանրապետությունը։ Մենք էլի պետություն ունենք, բայց ոչ հանրապետություն։ Շատ ավելի ազնիվ կլիներ, որ իշխող վարչախումբը Իլհամ Ալիևի կամ Նազարբաևի նման հայտարարեր երրորդ, չորրորդ ժամկետի մասին։ Կիմանայինք, որ էդ դեպքում մեկը վեր է կենում, ասում է՝ ես տերն եմ։ Իսկ հիմա մենք ստանում ենք այն, ինչ կար, ասենք, 36 թվի ԽՍՀՄ սահմանադրությունում»։

Սահմանադրության առաջարկվող փոփոխություններով կնվազի նաև ընդդիմության առանց այն էլ ոչ մեծ դերը, պնդում է Հրանտ Բագրատյանը.- «Խոստացել էին հայեցակարգում, բայց չկա, ասենք, վերահսկողական մարմիններում դեր տալ ընդդիմությանը։ Չկա՛։ Ընդդիմություն, ըստ էություն, չի լինելու։ [Խորհրդարան] անցած ուժերից մեկին իրենք կանվանեն ընդդիմություն, կխնդրեն, որ էդ ուժը իրեն անվանի ընդդիմությունը, և երեք տեղակալ պիտի ունենա ԱԺ նախագահը, գրված է, որ մեկը պիտի տան ընդդիմությանը։ Գրված է, բայց կեղծ է գրված»։

Մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած հիմնավորումը, թե մայր օրենքի իրենց առաջարկած տարբերակն ավելի ժողովրդավար և մարդակենտրոն է լինելու, քան 1995 և 2005 թվականի իշխանակենտրոն սահմանադրություններ, Բագրատյանը հանրությանը մոլորեցնելու փորձ է համարում:

«18 հիմնական ազատություն սահմանափակված է օրենքով։ Սահմանադրությունն ասում է՝ ես այստեղ կապ չունեմ։ Օրինակ, մարդն ունի բնակարանի իրավունք, դա անխախտ էր 95 թվականի Սահմանադրությամբ։ Էսօրվա Սահմանադրությամբ կարող է ձեզնից ձեր բնակարանը վերցնեն, եթե շատ է պետք հասարակական շահին։ Հիմա սրանից հետո հայտարարել, թե սա ուղղված է մարդկանց, դա ձեռ առնել չէ՞»։

Սահմանադրական նախագիծը դատական համակարգում մեծ փոփոխություններ չի առաջարկում, նախկին վարչապետը համամիտ է՝ Վենետիկի հանձնաժողովի քննադատության հետ՝ քաղաքական մարմինը չպետք է միջամտի դատավորների և վճռաբեկ դատարանի նախագահների նշանակմանն և աշխատանքից հեռացմանը:

«Քաղաքական մարմինը դատավոր է նշանակում։ Էսօր հանրապետության նախագահն է նշանակում, որին ընտրել է ժողովուրդը, մյուս օրենքով վճռաբեկ դատարանի նախագահին նշանակում է հանրապետության նախագահը, որին ժողովուրդը չի ընտրել և այդ թեկնածուների վերջնական հաստատում է Ազգային ժողովը, որը քաղաքական մարմին է։ Եվ սա այն դեպքում, որ մասնավորապես, Հարությունյան Գագիկը րոպեն մեկ ասում էր ամիսներ առաջ, որ դատական համակարգը չի աշխատում, վերջապես շտկելու են։ Լրիվ ենք վերջացնում դատական համակարգը շտկելու փոխարեն։ Ունքը շինելու փոխարեն աչքն են հանելու»։

Նոր Սահմանադրությունը չի փոխի նաև Հայաստանի տնտեսական վիճակը, Հրանտ Բագրատյանը ցավալի է համարում, որ այս ոլորտում նախագիծը որևէ նորություն չի առաջարկում, թեև նախկին վարչապետը պնդում է՝ բացահայտ սխալներ կային, որ կարող էին ուղղվել։

«Կառավարությունը, որը պատասխան է տալիս տնտեսական կյանքի համար, այնուամենայնիվ, որևէ հնարավորություն չունի ազդելու Կենտրոնական բանկի քաղաքականության վրա։ Գների կայունությունն ու դրամավարկային քաղաքականությունը մնացել է ԿԲ-ի վրա, որի վերաբերյալ երկու հոդված են պահպանել։ Բիզնեսը՝ ցանկացած բիզնես, ցանկացած սեփականություն կարող է խլվել՝ հանրային շահից ելնելով։ Օրինակ, նույն իտալական կամ գերմանական սահմանադրությունը պարզապես սրբացնում է սեփականության իրավունքը։ Գերմանիայում չեն ասում հանրային շահից ելնելով, ասում են՝ հանրային շահից ելնելով, եթե կա դատարանի որոշումը»։

Բագրատյանը կարծում է՝ Սահմանադրությունը փոփոխելու կարիք չկա, իսկ գործընթացը բոյկոտելը լուծում չէ.- «Պետք է գնալ, մասնակցել և «ոչ» ասել։ Բոյկոտել չի կարելի, որովհետև եթե բոյկոտեն, 25 տոկոսով անցնում է։ Գործող Սահմանադրության 113 տոկոս հոդվածը կա, որն ասում է՝ 25 տոկոսով կայացած է։ Եթե 50 տոկոս լիներ, կարելի էր ասել՝ բոյկոտենք, չանցնի»։

XS
SM
MD
LG