Մատչելիության հղումներ

Մարզպետարանի կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանի խոսքով՝ հայ - թուրքական սահմանին մերձ գտնվող այս համայնքները «սակավաբնակ են»:

«Գյուղատնտեսությունը զարգացած չէ այնտեղ, սակավաթիվ է բնակչությունը, այդ պատճառով մենք չունենք առաջին դասարանցիներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղումաշյանը:

Զառիշատ գյուղի դպրոցում առաջին դասարան չի բացվում արդեն երկրորդ տարին, իսկ մյուս դասարաններում սովորում է ընդամենը 7 աշակերտ:

Դպրոցի տնօրեն Ալվարդ Շավոյանը դա պայմանավորում է «գյուղի աշխարհագրական դիրքով, բնակլիմայական պայմաններով»:

Հարևան Շաղիկ գյուղի դպրոցը նույնպես այս տարի առաջին դասարանցի չի ունենա: Դպրոցն ունի ընդամենը վեց աշակերտ: Շաղիկի դպրոցի տնօրենը լսել է, թե գյուղում նորաբնակներ են սպասվում, ինչը հույս է ներշնչում, որ դպրոցի աշակերտների թիվն էլ կավելանա:

Առաջին դասարանցիներ չունեն նաև Աղվորիկ և Ջաջուռ կայարան համայնքները, ինչպես նաև՝ ավելի մեծ Անի կայարան համայնքը:

«Աշակերտներիս թիվը զրո է՝ արտագաղթի պատճառով: Ծնողները հեռանում են՝ աշակերտներին հետները տանելով: Անի կայարանը սահմանամերձ գյուղ է, հող չունի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անի կայարան համայնքի դպրոցի տնօրենը:

Իսկ Լուսակերտի դպրոցի տնօրեն Աշոտ Գալստյանը դժգոհում է, որ ուսումնական տարին դեռ չսկսված՝ արդեն 10 աշակերտ է կորցրել: Պատճառը, հիմնականում, արտագաղթն է:

Արտագաղթի հետևանքով աշակերտների թիվը, ինչպես պնդում են դպրոցների տնօրենները, նվազում է նաև մարզի քաղաքների դպրոցներում:

XS
SM
MD
LG