Մատչելիության հղումներ

Վրաստանում բացվել է ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը


Վրացի զինվորները մասնակցում են ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացմանը, 27-ը օգոստոսի, 2015թ.

Վրացի զինվորները մասնակցում են ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացմանը, 27-ը օգոստոսի, 2015թ.

Այսօր Թբիլիսիին մոտ գտնվող Կրծանիսիի ռազմակայանում բացվեց ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը: Այս առիթով Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Մասնակցելով կենտրոնի բացմանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է.- «Այս կենտրոնը կնպաստի ոչ միայն վրացի զինծառայողների, այլ նաև դաշինքի անդամ ու գործընկեր երկրների զինծառայողների պատրաստվածությանը։ Կենտրոնը միայն շենք ու գրասենյակներ չէ, նաև՝ փորձադաշտեր, այլ օբյեկտներ Վրաստանի մասշտաբներով»։

Այսօր ավելի վաղ Վրաստանի վարչապետի հետ մամուլի համատեղ ասուլիսում Յենս Ստոլտենբերգը ասել է.- «Վրաստանում ուսումնական համատեղ կենտրոնի բացումը շատ կարևոր քայլ կլինի ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների ամրապնդման ճանապարհին»:

Նա նշել է, որ Վրաստանը ամուր և հուսալի գործընկեր է, որն արդեն երկար տարիներ իր ներդրումն է բերում միջազգային անվտանգությանը։ Նա ասել է, որ վարչապետի հետ պայմանավորվել են իրականացնել «Վրաստանում ավելի շատ ՆԱՏՕ և ՆԱՏՕ-ում ավելի շատ Վրաստան» բանաձևը:

Ստոլտենբերը միաժամանակ ընդգծել է, որ դաշինքին անդամակցելու ճանապարհը հեշտ չէ, դրա համար ժամանակ է պետք և արդյունավետ ջանքեր. ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Վրաստանի բարեփոխումների ընթացքին և շարունակում է պաշտպանել Վրաստանին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ ՆԱՏՕ-ի ուսումնական ու գնահատման կենտրոնը ուղղված չէ այլ երկրի դեմ, ընդհակառակը՝ այն կնպաստի տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։

«Կենտրոնը նաև կոչված է բարձրացնել Վրաստանի զինված ուժերի պատրաստվածության մակարդակը»,- ասել է Ղարիբաշվիլին։

Մինչ համատեղ ասուլիսը տեղի էր ունեցել երկու պաշտոնյաների հանդիպումը: Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նշվել է, որ վերջին տարիներին Վրաստանը նշանակալից քայլեր է կատարել ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտենալու ուղղությամբ: Ղարիբաշվիլին նաև շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին՝ Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

Ստոլտենբերգը երկօրյա այցով Վրաստան է ժամանել երեկ երեկոյան, ժամանելուց քիչ անց հանդիպել է երկրի նախագահի հետ։ Այսօր շարունակել է հանդիպումները վարչապետի, արտգործնախարի, խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին հանդիպումից հետո ասել է, որ «Ստոլտենբերգի այցը ցույց է տալիս դաշինքի հատուկ աջակցությունը Վրաստանին»:

«Այս այցը բարձր մակարդակի երկխոսության շարունակությունն է, որն ակտիվորեն ընթանում է վերջին տարիներին»,- նշել է Վրաստանի արտգործնախարարը։

Վրաստանի նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպմանը, «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ քննարկվել են ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրվելու գործընթացը, տարածաշրջանային անվտանգության և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը Վրաստանի խաղաղապահների մասնակցության հարցերը:

Կրծանիսիիում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի հանդիսավոր բացմանը ներկա էին ՆԱՏՕ-ի գխավոր քարտուղարը, Վրաստանի վարչապետը, նախագահը, պաշտպանության նախարարը, Վրաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ ու զինվորական վաշտը: Վրաստանում ուսումնական կենտրոն բացելու որոշումը ընդունվել է ՆԱՏՕ-ի՝ 2014-ին Ուելսում կայացած գագաթաժողովում: Այստեղ պատրաստվելու են ՆԱՏՕ-ի, ինչպես նաև դաշինքի գործընկեր երկրների զինծառայողները:

XS
SM
MD
LG