Մատչելիության հղումներ

Աշխատանքից ազատված աշխատակիցները Մետրոպոլիտենի ղեկավարությունից պահանջում են վերականգնել իրենց նախկին աշխատատեղում


Մետրոպոլիտենի աշխատակիցների բողոքի ցույցն ընդդդեմ կենսաթոշային նոր համակարգի: Փետրվար, 2014 թ․
Մետրոպոլիտենի աշխատակիցների բողոքի ցույցն ընդդդեմ կենսաթոշային նոր համակարգի: Փետրվար, 2014 թ․

Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներ Գագիկ Գալստանը, Անդրանիկ Գևորգյանն ու Սևակ Հարությունյանը դիմել են Վերաքննիչ դատարան՝ պահանջելով վերադարձնել աշխատանքը, որ կորցրել էին կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ցույցերին մասնակցելուց հետո:

Մեկ ամիս առաջին ատյանի դատարանը մասնակիորեն բավարարել էր նրանց հայցն ընդդեմ Մետրոպոլիտենի․ անվավեր ճանաչելով աշխատանքից ազատման հրամանը՝ դատարանը միաժամանակ չէր պարտավորեցրել վերականգնել նրանց նախկին աշխատավայրում:

«Ազատության» հետ զրույցում Սևակ Հարությունյանը առնվազն տարօրինակ որակեց դատարանի այս մոտեցումը․ - «Եթե դատավորը վճռել է, որ իրենք սխալ են վարվել, ապա ինչո՞ւ չի աշխատանքի ընդունում»:

Դատարանը Մետրոպոլիտենին պարտավորեցնում է նաև նախկին երեք աշխատակիցներին վճարել հարկադիր պարապուրդի համար: Հայցվորների փաստաբան Քրիստինա Գևորգյանը, սակայն, դա բավարար չի համարում՝ ընդգծելով, որ շարժասանդուղքի մեքենավարի համար դժվար է Հայաստանում մասնագիտությամբ աշխատանք գտնել:

«Նրանց համար շատ կարևոր է, որպեսզի իրենք այն աշխատանքը, որ կատարել են 15 տարվա ընթացքում․․․ որպեսզի վերականգնվեն և շարունակեն իրենց աշխատանքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգյանը:

Մետրոպոլիտենից, սակայն, հայտնում են, որ մեքենավարներին հետ ընդունելու մտադրություն չունեն․ նրանց տեղերն այլևս զբաղված են:

Փաստաբան Քրիստինա Գևորգյանի համոզմամբ՝ առաջին ատյանի դատարանը միտումնավոր ձգձգեց դատավարությունը՝ հնարավորություն տալով Մետրոպոլիտենի ղեկավարությանը 1.5 տարվա ընթացքում հիմնավորումներ գտնել Գագիկին, Սևակին և Անդրանիկին նախկին աշխատանքում չվերականգնելու համար․ - «Ապացույցները ներկայացվել են մեկ տարի անց, երբ այլևս տվյալ հաստիքը գոյություն չունի: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը ասում է՝ միայն հաստիքների կրճատման դեպքում է, որ չի կարող վերականգնել: Եթե այլ անձ է զբաղեցնում այդ աշխատատեղը, գործատուն այսպես կամ այնպես պետք է վերականգնի հին աշխատանքում»:

Առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկում է նաև Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը: Իրավաբանական բաժնի պետ Արտակ Երեմյանի խոսքով, իրենք համաձայն չեն վճարել երեք մեքենավարների հարկադիր պարապուրդի համար, քանի որ նրանք աշխատանքից զրկվել են թերացման պատճառով:

Այս պնդումը, հիշեցնենք, առաջին ատյանի դատարանում չապացուցվեց:

«Մեր այդ աշխատակիցներին վստահվել է արտադրական վտանգավոր օբյեկտ և տարածք, որտեղ իրավունք չունեին օտար մարդիկ մտնել․․․ Այդ հիմքը առաջին ատյանի դատարանի կողմից բազմակողմանի չի ուսումնասիրվել: Այդ իսկ պատճառով մենք առաջին ատյանի դատարանի վճռի հետ համաձայն չենք և վերաքննիչ բողոք ենք բերելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երեմյանը:

Ամիսներ շարունակ դատարանից դատարան գնացող, 15 տարվա փորձառություն ունեցող շարժասանդուղքի մեքենավարները մինչև հիմա մշտական աշխատանք չունեն: Սևակն այսօր ստիպված է կատարել ցանկացած աշխատանք՝ 4 անչափահաս երեխաներին պահելու համար:

Ի դեպ, մետրոյի նախկին աշխատակիցները չեն մոռացել, որ մեկ տարի առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Դ!եմ եմ» շարժման ցույցերից մեկի ժամանակ խոստացել էր պատժել այն գործատուներին, ովքեր ապօրինաբար աշխատանքից կզրկեն պարտադիր կուտակայինից հրաժարվողներին: Գագիկը, Անդրանիկն ու Սևակը հիմա պատրաստվում են նամակ գրել վարչապետին՝ ակնկալելով, որ վերջինս տեր կկանգնի իր խոսքին:

XS
SM
MD
LG