Մատչելիության հղումներ

Ռուսաստանում է հայկական ստորաբաժանումը


Հայկական ստորաբաժանումը զորավարժությունների ժամանակ

Հայկական ստորաբաժանումը զորավարժությունների ժամանակ

ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2015» զորավարժությանը մասնակցելու նպատակով օգոստոսի 22-ից Ռուսաստանում է գտնվում հայկական ստորաբաժանումը:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ բացման հանդիսավոր արարողությանը բարձրացվել են մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի դրոշները, հնչել պետական օրհներգերը: Արարողությանը ներկա են եղել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը, բարձրաստիճան ներկայացուցիչներ մասնակից երկրներից և այլք:

«Զորավարժության հմնական խնդիրների իրագործմանը զուգահեռ այս օրերի ընթացքում կազմակերպվել են նաև մարզական միջոցառումներ: Մասնակից պետությունների զինծառայողները միմյանց դեմ մրցել են տարբեր մարզաձևերում, և մեր ստորաբաժանումը լավագույն արդյունքներով արժանացել է բազմաթիվ պարգևների: Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժության նախապատրաստական փուլի ավարտից հետո, օգոստոսի 26-ին տեղի է ունեցել զորավարժության գլխավոր փորձը, որի ընթացքում զորախմբերը գործել են համատեղ ու ներդաշնակ՝ կատարելով առաջադրված խնդիրները», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

«Փոխգործակցություն 2015» զորավարժությանը մասնակցում են մինչև 2 հազար զինծառայող, 200 միավոր ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկա, ինչպես նաև շուրջ 40 միավոր ավիացիա:

«ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈՒ զինծառայողներին ճգնաժամային պայմաններում առավել արդյունավետ գործելու, համընդհանուր սպառնալիքների դիմագրավմանը միասնաբար հանդես գալու հնարավորություն ընձեռող, ինչպես նաև արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության և համատեղ գործողությունների ներդաշնակման ապահովմանը միտված զորավարժության վճռական փուլը տեղի կունենա օգոստոսի 28-ին», - փոխանցում է նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG