Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետի դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվողի մեղքը «չի հիմնավորվում»


Սուրիկ Խաչատրյանի մեքենան

Սուրիկ Խաչատրյանի մեքենան

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Հենրիկ Ավագյանի մեղքը «չի հիմնավորվում». այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ավագյանի պաշտպան Սյուզաննա Խչեյանը՝ նշելով, որ առաջադրված մեղադրանքը «օրեցօր թուլանում է»։

Մարզպետի ավտոմեքենայի վրա կրակահերթ էր արձակվել մայիսի 20-ին։ Արձակված շուրջ երեք տասնյակ փամփուշտներից ոչ մարզպետն էր տուժել, ոչ էլ մեքենայում նրա հետ գտնված օգնականն ու վարորդը։ Հենրիկ Ավագյանը դեպքից մոտ մեկուկես ամիս անց կալանավորվեց։ Չնայած Ավագյանը չի ընդունում մեղքը և որևէ ցուցմունք չի տալիս, բայց օրերս նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց։ Փաստաբանն ասում է՝ այն, որ մեքենայի ուղղությամբ կրակվել է, դա փաստ է, բայց որ կրակողը եղել է հենց Հենրիկ Ավագյանը, չի ապացուցվում։

Անդրադառնալով Ավագյանի կալանքը երկարաձգելու հիմքերին՝ փաստաբանն ասաց.- «Մեր հայկական իրականության պայմաններում այդպես էլ պիտի լիներ։ Սա իրավաբանության հետ կապ չունի, պարզապես տրամաբանական շարունակությունն է և կալանավորումը, և ժամկետի երկարաձգումը»։

«Արդարադատության բացակայության» մասին խոսելիս՝ Սյուզաննա Խչեյանը նշեց այն հանգամանքը, որ կալանքի երկարաձգման հարցով դատական նիստը տևել է ընդամենը 15-20 րոպե։ Նախաքննական մարմնի փաստարկները, ըստ պաշտպանի, դատարանն ընդունել է որպես «բացարձակ ճշմարտություն» և դրել կալանքի հիմքում։

Այս գործով, ինչպես հայտնի է ևս երեք հոգի ազատազրկված են՝ Գարեն Աթաջանյանն ու Վիտալի Մինասյանը Սուրիկ Խաչատրյանի մահափորձին աջակցելու մեղադրանքներով, իսկ մարզպետի տան մոտ երկու տարի առաջ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայր Արա Բուդաղյանը՝ մահափորձը պատվիրելու։

Դեպքի օրը մարզպետին հետևելու և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ հայտնելու մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանը ևս կշարունակի մնալ անազատության մեջ, չնայած պաշտպանի պնդումներին, որ նրա այլուրեքությունը «րոպե առ րոպե հատաստված է» տասից ավելի վկաների ցուցմունքներով։

«Կարող եմ հետևություն անել, որ արդեն իսկ կանխորոշված էր դատարանի որոշումը»,- նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Արա Բուդաղյանի պաշտպանական կողմն էլ համոզված է, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինը այս գործով սխալվել է, բայց համառորեն չի ցանկանում ընդունել սխալը։ Հայկ Ալումյանն ասաց, որ երեկ Բուդաղյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը քննարկելիս դատարանին որևէ նոր ապացույց չի ներկայացվել։ Նախաքննական մարմինը շարունակում է ենթատեքստ գտնել գաղտնալսված հեռախոսազրույցներում, որոնք ըստ փաստաբանի՝ զրո ապացույց պարունակող կենցաղային խոսակցություններ են։

«Եվ այդ սխալը գործողները հավանաբար հիմա խնդիր ունեն, փորձում են ամեն գնով ապացուցել, որ իրենք չեն սխալվել։ Դա շատ վտանգավոր փուլ է ցանկացած քրեական գործի մեջ. երբ քննություն իրականացնող մարմինը սկսում է հասկանալ, որ սխալվել է, եթե գործում է ազնիվ, ապա ընդունում է իր սխալը, փորձում է ուղղել, իսկ եթե ոչ այնքան ազնիվ է, ապա սկսում է քրեական գործի փաստերը հարմարացնել այնպես, որ ապացուցի, որ սխալ չի եղել»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ այս գործով մտադիր են Եվրադատարան դիմել։

Փաստաբանը մտահոգիչ է համարում մամուլի հրապարակած այն տեղեկությունները, որ Եվրադատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր, նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը Սուրիկ Խաչատրյանի հետ ազգակցական կապեր ունի։ Հատկապես որ մարզպետը հաստատել է այդ լուրերը։ Փաստաբանի համոզմամբ՝ և Ավետիք Բուդաղյանի սպանության, և Արա Բուդաղյանի գործերով գանգատների քննության ժամանակ սա կարող է շահերի լուրջ բախում առաջացնել։

«Սուրիկ Խաչատրյանը ընդունել է, որ հանդիսանում է Արմեն Հարությունյանի քեռին։ Սա մեզ համար նորություն էր։ Ես կարծում եմ, առաջին հերթին Արմեն Հարությունյանն է պարտավոր Եվրոպական դատարանին տեղյակ պահել այդ փաստի մասին։ Եվ եթե դա համարվի նրա անաչառության վրա ազդող գործոն, ապա, իհարկե, պիտի այդ գործով չզբաղվի։ Ուշադիր հետևելու ենք այդ զարգացումներին»,- ասաց Ալումյանը։

XS
SM
MD
LG