Մատչելիության հղումներ

ԿՄԽԿ-ն կոչ է անում՝ առավել ջանք գործադրել անհայտ կորածների ճակատագրերի մասին տեղեկություններ գրանցելու գործում


Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է անում՝ առավել ջանք գործադրել անհայտ կորածների ճակատագրերի մասին տեղեկություններ գրանցելու գործում:

Կոմիտեն հաղորդագրություն է տարածքել անհայտ կորած անձանց միջազգային օրվան՝ օգոստոսի 30-ին, ընդառաջ։

«Կառավարությունները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է անեն ավելին՝ հակամարտության կամ այլ հանգամանքներում անհայտ կորած անձանց հետ կատարվածը կամ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկությունները փաստագրելու ուղղությամբ և աջակից լինեն նրանց ընտանիքներին», - հորդորում է ԿԽՄԿ-ն։

Անհայտ կորածների հարցերով զբաղվող ԿԽՄԿ խմբի ղեկավար Մարիան Պիկասունի խոսքով, ընտանիքների վիշտը նույնն է, անկախ այն բանից՝ իրենց հարազատն անհայտ կորել է պատերազմի, արտագաղթի թե աղետի ժամանակ։ «Հույժ կարևոր է հավաքագրել անհայտ կորածների վերաբերյալ այսօր հասանելի բոլոր տեղեկությունները (օրինակ՝ թե երբ և ինչ հանգամանքներում են կորել)՝ հետագայում ընտանիքներին պատասխան տրամադրելու ժամանակ օգտագործելու նպատակով», - ասել է Պիկասուն։

Նրա խոսքով, հաճախ, հատկապես հակամարտության իրավիճակներում, անհայտ կորածների խնդիրն ուշադրությունից դուրս է մնում։ «Կառավարությունները և մյուս դերակատարները պետք է ապահովեն, որ այս հիմնախնդիրը մշտապես լինի օրակարգում, և անեն ավելին՝ ընտանիքների նյութական և հոգեբանական կարիքները հոգալու ուղղությամբ», - նշել է անհայտ կորածների հարցերով զբաղվող ԿԽՄԿ խմբի ղեկավարը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն փոխանցում է, որ Հայաստանում, ԿԽՄԿ-ի ցուցակներում գրանցված են շուրջ 400 անձինք, որոնք անհայտ կորել են Ղարաբաղյան հակամարտության հետևանքով։ ԿԽՄԿ-ն աջակցում է Հայաստանի իշխանություններին՝ անհայտ կորածների ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցելու ուղղությամբ։ Այն ներառում է նաև անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներից կենսաբանական նմուշների հավաքումը, ինչը հետագայում կօգտագործվի նույնականացման գործընթացում և կմեծացնի աճյունների ինքնության ճանաչման հավանականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG