Մատչելիության հղումներ

Դրամը կայուն պահելու որոշումը «քաղաքական է»


Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, արխիվ:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, արխիվ:

Հայաստանի Կենտրոնական բանկը, պաշտոնական հրապարակման համաձայն, երեկվա ընթացքում միանգամից 50 միլիոն դոլար է ներմուծել շուկա, ինչը, ըստ մասնագետների, «արտառոց մեծ ինտերվենցիա էր»:

Արդյունքեր չուշացան. շաբաթվա սկզբի արժեզրկումից հետո դրամն այսօրվանից սկսվել է արժեվորվել, ինչպես մասնագետներն են կարծում՝ Կենտրոնական բանկի կատարած խոշոր ինտերվենցիային շնորհիվ։

Պետական պահուստներից արված խոշոր ինտերվենցիաների շնորհիվ դրամի արժեվորումը, սակայն, Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի համար ընդունելի չէ, հատկապես, որ այդ ներարկումները շարունակաբար են արվում․ - «Բացի այդ էլ, կա միտում, որ Կենտրոնական բանկը որոշակի քաղաքականություն է տանում, որ որոշակի փոխարժեք ձևավորվի: Սա չի համապատասխանում այն պարտավորությանը, որ ստանձնել է Կենտրոնական բանկը, նաև չի համապատասխանում մեր տնտեսության շահերին: Այստեղ մեր վիճակը շատ ավելի վատ է»:

Ասատրյանի խոսքով, Կենտրոնական բանկը փորձում է արհեստականորեն կայուն պահել փոխարժեքը:

Նա նշում է, որ ռուբլու անկումից հետո հետխորհրդայիան տարածքում դրամը ամիսներ շարունակ ամենակայուն դիրքերում է եղել։ Մասնավորապես, 2014-ի հունվարից ի վեր ռուսաստանյան ռուբլին դոլարի համեմատ արժեզրկվել է 51 տոկոսով, բելառուսական ռուբլին՝ 42, վրացական լարին և ադբեջանական մանաթը՝ 26-ական, իսկ դրամը՝ ընդամենը 15 տոկոսով։ 2015-ին ևս Ռուսաստանում և նախկին խորհրդային տարածքում ազգային արժույթները շարունակել են արժեզրկվել 5-33 տոկոսով, մինչդեռ հայկական դրամը նույն ժամանակահատվածում դոլարի նկատմամբ դիրքերը զիջել է ընդամենը 0.5 տոկսով։

«Ամենակայուն արժույթը դա Հայաստանի Հանրապետության դրամն է․․․ այդպես չի կարող լինել: Որովհետև նախ այս երկրների շարքում, հաստատ եմ ասում, որ ամենակայուն տնտեսությունը հայկական տնտեսությունը չէ, որ արտաքին առևտրի տեսանկյունից՝ արտահանման - ներմուծման տարբերության տեսանկյունից ամենաուժեղը, իհարկե, Հայաստանի տնտեսությունը չէ», - ասաց Բագրատ Ասատրյանը:

«Դրամի այսօրվա կայունությունը վաղը խնդիրներ կառաջացնի», - կանխատեսեց Կենտրոնական բանկի նախկին նախագահը՝ ընդգծելով, թե ինտերվենցիաներով դրամը կայուն պահելու որոշումը քաղաքական է․ - «Ես այլ պատճառ չեմ տեսնում, որովհետև չունի դա տրամաբանություն: Թեժ աշուն է գալիս․․․ Սահմանադրություն և այլն, և այլն: Բայց իմացեք, որ սա ամենավտանգավոր վճիռն է, որ կարող է Կենտրոնական բանկը երբևիցե կայացնել»:

«Դրամի նկատմամբ դոլարի արժեվորումը չի բխում նաև օլիգարխների շահերից, որոնց արտարժույթ է պետք՝ Հայաստսն ներկրումներ անելու համար», - կարծում է Ասատրյանը։ - «Ըստ էության այս դեպքում ամբողջ քաղաքականությունը միտվում է 5,10, 20 հոգու շահերին․․․ Կորցնում է հասարակությունը՝ մենք բոլորս կորցնում ենք, կորցնում է պետությունը, կորցնում է տնտեսությունը, բայց այս մի 5,10, 50 հոգին․․․ այդ թիվը շատ սահմանափակ է, դրանք շահում են»:

Տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը համամիտ է՝ դրամն արհեստականորեն են փորձում կայուն պահել, քանի որ այսօր փոքր-ինչ արժեվորված դրամի վրա ազդող բոլոր գործոնները հակառակն են հուշում․ - «Երբ որ նավթը էժանանում է աշխարհում, դա բերում է դրամի արժեզրկման: Հիմա այդ ընթացքը կա․ նավթը արժեզրկվում է, ռուսական ռուբլին էժանանում է, բայց հայկական դրամը ինչ-որ երկար ժամանակ կայուն է մնացել»:

«Միայն մի դեպքում կարելի է արդարացված համարել մեկ օրում 50 միլիոն դոլարի ինտերվենցիան», - ասում է տնտեսական վերլուծաբանը. - «Եթե դրամի արժեզրկման ներկայիս միտումները չունեն լուրջ պատճառներ և ընդամենը խուճապի արդյունք են»:

XS
SM
MD
LG