Մատչելիության հղումներ

Կարկուտի պատճառով գյուղացիները բերքի զգալի մասը կորցրել են


Կարկուտի պատճառով գյուղացիները բերքի զգալի մասը կորցրել են
please wait

No media source currently available

0:00 0:03:06 0:00

Գյուղատնտեսության նախարարությունը վնասների գնահատման արդյունքները կհրապարակի վաղը:

Դեռևս օրեր առաջ Արարատի մարզի Շահումյան գյուղում բնակվող Դավթյանների ընտանիքը միայն մի բանի մասին էր մտածում՝ ինչպես իրացնել ողջ տարվա ընթացքում մշակած տոննաներով բերքը: Հիմա մոտ մեկ հեկտար տարածքում բերքից գրեթե ոչինչ չի մնացել: Օրերս տեղացած կարկուտը ոչնչացրել է ընտանիքի՝ եկամուտ ստանալու միակ աղբյուրը:

«Առավոտն եկել ենք պամիդոր հավաքելու, տեսնում ենք արտը տենց: Կնոջս հետ լացեցինք, գնացինք տուն», - ասաց Ստեփան Դավթյանը:

«Ես ուսանողի մասին եմ մտածում, որ 4-րդ կուրսից դուրս պիտի մնա, էդ վարձի համար, որ չեմ կարողանա ես էդ գումարը, կես գումարը գոնե [մուծել]», - ասաց նրա կինը՝ Լիանա Մինասյանը:

Ստեփան Դավթյանը պատմում է, որ չէին հասցրել անգամ վճարել վարձակալած հողերի ու պարարտանյութերի համար, հիմա ստիպված պարտք է վերցնելու՝ վարկերը մարելու համար, ասում է՝ գոնե բանկերն ընդառաջեին․ - «Մի տարով գոնե կանգնեցնեն բանկի փողերը: Գարունը կբացվի, սածիլ կանեմ, բանկի փողերը կփակվեմ»:

Շահումյանցիներից բացի օրերս տեղացած կարկտի վնասներն են հաշվում նաև հարևան հինգ համայնքներում։ Գրիգոր Հարությունյանը փաստեց՝ 5.5 միլիոն դրամի ներդրում է արել, սակայն 3 հեկտար հողից հիմա չի կարող նույնիսկ այնքան խաղող հավաքել, որ հյուրերին հյուրասիրի:

«Գործարանները ի՞նչը ընդունեն, չանչե՞րը: Պիտի խաղող լինի, որ ընդունեն: Մինչև գործարանները ընդունեն, մնացածն էլ կնեխի կվերջանա, կգնա», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հարությունյանը:

«Ամեն հույսը դրել էինք խաղողի վրա: Ամեն ինչ անում էինք, պարտք էինք վերցնում, մտածում էինք, որ 22 տոննայից ոչ պակաս խաղող կունենանք ամենաքիչը: Լրիվ մշակել էինք, ծերատել էինք, ջրել էինք, անցավ երկու օր, սենց եղավ: Ոչ մի գրամ խաղող չունենք նորմալ», - ասաց Լիլիա Հակոբյանը:

Կարկտից չորս օր է անցել, սակայն շահումյանցիները պնդում էին՝ որևէ մեկն իրենց ցավով չի հետաքրքրվել: Ընդամենը գործարաններից են զգուշացրել, որ իզուր կարկտահարված բերքը չբերեն․ միևնույնն է՝ չեն ընդունելու․ - «Գոնե գային, սիրտ տային մեզ»:

Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, մինչդեռ, պնդում է, որ նախարարության պաշտոնյաները եղել են տեղում, գիտեն, որ գյուղացիներին վնաս է պատճառվել, բայց դեռևս չեն կարող ասել՝ ինչով կօգնեն և կօգնեն արդյոք: Վնասները գնահատում են, արդյունքները կհրապարակեն վաղը: Մինչ այդ բավարարվում են գյուղացիներին խորհուրդներ տալով:

«Արդյունքներն ամփոփելուց հետո կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ գյուղացիական տնտեսություններին օգնելու, օժանդակելու, իրավիճակից դուրս բերելու, և՛ խորհրդատվություն, և՛ բանկային համակարգերից ստացված վարկերի հետ կապված անհատական մոտեցում ցուցաբերելու», - ասաց փոխնախարարը:

«Նրանք ոչնչից տեղյակ չեն, ընդամենը թվեր են հրապարակում, ուրիշ ոչինչ», - արձագանքեց Գրիգոր Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG