Մատչելիության հղումներ

Հունաբնակ Մադանը գրեթե դատարկ է


Տեսարան Լոռու մարզի հունաբնակ Մադան գյուղից

Տեսարան Լոռու մարզի հունաբնակ Մադան գյուղից

Հատուկենտ ծերունիները մտահոգված են, որ իրենց տները ևս կարող են արժանանալ քանդված ու մաս-մաս վաճառված դպրոցի շենքի ճակատագրին:

Լոռու մարզի առավելապես հունաբնակ Մադան գյուղի երբեմնի եռահարկ դպրոցի շենքից այժմ միայն մի պատ է մնացել: Դատարկված գյուղում միայնակ մնացած հույն ծերունիներն ափսոսանքով պատմում են, որ տարիներ առաջ քաղաքներից «մեծավորներն են եկել», հսկա շենքը շինանյութի վերածել ու վաճառել։

«Եկել են Ալավերդուց մեծերը, քանդել են էս թավուր դպրոցն ու գնացել են։ Դե ասում են մեծ եմ, մեծ եմ, ինչ ուզում անում եմ, կարա՞ս դեմը խոսաս։ Եկել են քանդել են, մատերիալը սաղ տարել են»,-հիշում է 76-ամյա Միխայիլ Կոտանովը: Նա ասում է, թե վախ ունեն, որ մի օր էլ հերթն իրենց տներին կհասնի, և ունեցածը չկորցնելու համար էլ ամեն տարի ամռան ամիսներին Հունաստանից հայրենի Մադան է գալիս։

Դպրոցի շենքը քանդելու և վաճառելու համար ոչ ոք պատասխան չի տվել։ Պատասխանատվություն չեն էլ պահանջել, քանի որ գյուղի իրական տերերն այլևս այստեղ չեն։ Դեռ 20 տարի առաջ ավելի քան 1000 մարդ թողել է տասնամյակներով ստեղծած տուն ու տեղն ու արտագաղթել: Հիմնականում Հունաստան։

«90-ականներին Հունաստանի կառավարությունը հայաստանցի հույներին տուն ու տեղով ապահովում էր, աշխատանք տալիս, Էս ժողովուրդը բրախել են տները, վեշը, ամեն բան ու հայդե գնացել են։ Հետո, որ իրանք գնացել են, վիզա են ուղարկել, ասենք թե՝ մեզ, քեզ, իրան, կամաց-կամաց գնացել են։ Ու Մադանը դրդակվելա»,- պատմում է Միխայիլ Կոտանովը։

Մադանեցիները ցավով նշում են, որ այսօր էլ լքված տներն են դպրոցի շենքի նման շինանյութի վերածում և 150-200 դոլարի դիմաց վաճառում։ Նախկին տերերը տներից մի քանիսը փրկելու համար անհատույց տվել են տան կարիք ունեցող ծանոթ-բարեկամներին, պայմանով, որ աչքի լույսի պես պահեն իրենց ունեցվածքը։

Սերինե Արզումանյանը նորաբնակներից մեկն է։ Ամուսնու և անչափահաս երեխաների հետ 5 տարի առաջ է հարևան Աքորի գյուղից Մադան տեղափոխվել։ Կարգի են բերել անտերության մատնված տներից մեկն ու ապրում են։ Տան տերերին այս տարիներին մի անգամ են տեսել։ «2 օրով եկան գնացին։ Ասին` ապրեցեք ինչքան ուզում եք, մենք էլ չենք գալու։ Եթե սիրուն պահում եք, չեք քանդում»,-ասում է Սերինեն:

Եկվորները Մադանի 363 դատարկված տներից մոտ 30-ին նոր շունչ են տվել, սակայն համոզված են, որ այստեղ մշտական բնակությունն անհնար է։ Արթուր Արզումանյան․ «Թենց պայմաննիա ստի, լավ պայմաննի չկա, ստի տանջվում են, չեն ապրում, մի կերպ գոյատևում են էլի մարդիկ»։

90-ամյա Վարվառա Ապոստոլովան Մադանում մնացած եզակի հույներից է։ Իր մաշկի վրա է զգում դատարկված գյուղի դժվարությունները։ Անտառի փեշին գտնվող գյուղում նորմալ ապրելու ոչ մի պայման չունեն։ Ծեր կինը, չնայած հարազատներ ունի Հունաստանում, բայց ծննդավայրը լքելու մասին չի մտածում:

«Գնամ Հունաստան ի՞նչ անեմ։ Ջահել չեմ՝ գնամ աշխատեմ։ Բա ի՞նչ անենք, բալա։ Մի տրանսպորտ չունենք, մի ջուր չունենք, մի սպիչկի համար էլ գնում ենք քաղաք։ Ըհը, գնա տուր 2000, 3000, տանի, բերի, բա, էսենց ապրում եք»։ Ասում է՝ մայրենի հունարենով խոսելու համար գյուղում համարյա զրուցակից չունի։ Բայց համոզված է՝ մինչև կյանքի վերջ լեզուն չի մոռանա։

Մի քանի օրից Մադանից կհեռանա նաև նրա հատուկենտ զրուցակիցներից մեկը՝ Միխայիլ Կոտանովը: Կմեկնի` իր հետ տանելով հայրենի բարիքը․ այստեղ եղած ամիսներին տնամերձից միրգ է հավաքել ու պահածո պատրաստել։ Ասում է՝ ամեն ինչ ձեռքից գալիս է․ «հույն եմ է, դրեվնի հույն»։

Ասում է, թե հիմա Հունաստանում ավելի հաճախ է մադանեցիների հանդիպում, քան այստեղ՝ գյուղում, որն արդեն Ալավերդու թաղամաս են դարձրել։ Համոզված է՝ Մադանն այլևս նախկինի նման գյուղ չի դառնա։ «Էստեղ ո՞վ պտի գա, աշխատանք չկա, արդեն տները սաղ քանդել են, ո՞վ պտի գա։ Կյանքում չհավատաս, որ մի հույն, ստեղից ով գնացելա, գա էստեղ ապրի, էդ արդեն ստո պրացենտով ա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG