Մատչելիության հղումներ

Արդեն հայտնի են այն պատգամավորների անունները, որոնք Դավութօղլուի կողմից համապատասխան առաջարկ կստանան:

Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությունը վարչապետ Ահմեդ Դավութօղլուին է ներկայացրել խորհրդարանական ուժերի միջև ժամանակավոր կառավարության նախարարական մանդատների բաշխումը:

Ըստ այդմ՝ նախարարական տասնմեկ մանդատ կստանա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, հինգ մանդատ՝ ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետականը, երեքական մանդատ կունենան «Ազգայնական շարժում» և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները: Եվս երեք նախարարական պորտֆել հատկացվել է անկախ պատգամավորները:

Ժողովրդա-Հանրապետական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջնորդները, սակայն, վերահաստատել են, որ հրաժարվում են ժամանակավոր կառավարության մաս կազմել, ուստի ժամանակավոր նախարարական կաբինետը կազմվելու է մյուս երկու կուսակցությունների ներկայացուցիչներից և անկախ պատգամավորներից:

Արդեն հայտնի են այն պատգամավորների անունները, որոնք Դավութօղլուի կողմից համապատասխան առաջարկ կստանան: Նրանք պարտավոր են 24 ժամվա ընթացքում գրավոր պատասխանել վարչապետի նամակին:

Այսպիսով Թուրքիայում ժամանակավոր կառավարություն կձևավորվի, որը կղեկավարի երկիրը մինչև արտահերթ ընտրությունները՝ նոյեմբերի 1-ը: Թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման մասին՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարելով ժամանակավոր կառավարություն կազմավորել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG