Մատչելիության հղումներ

logo-print

«Ազատ դեմոկրատները» դեմ է սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծին


«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունների այն նախագիծը, որն այսօր դրված է քննարկման, ամենևին չի բխում ՀՀ քաղաքացիների կյանքի բարելավման և ՀՀ ինքնիշխանության, ժողովրդավարության ապահովման ու զարգացման, իշխանությունների տարանջատման, քաղաքացու իրավունքների պաշտպանության, քաղաքական և տնտեսական ազատ մրցակցության ապահովման սկզբունքների իրացման մեկնակետից:

Հիշեցնելով, որ խորհրդարանական կառավարման համակարգին և 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցումը եղել է կուսակցության նախընտրական ծրագրի մի մասը, «Ազատ դեմոկրատները» նշում է, որ խորհդարանական կառավարման այն տարբերակը, որն առաջարկվում է ներկայացված նախագծում, չափազանց հեռու է այն խորհրդարանական կառավարման համակարգերից, որոնք հաջողությամբ գործում են զարգացած ժողովրդավարական երկրներում և ծառայում են ի շահ այդ պետությունների քաղաքացիների:

Անդրադառնալով կայուն խորհրդարանական մեծամասնության և ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին դրույթներին՝ ընդդիմադիր կուսակցությունը նշում է, որ դրանք ժողովրդավարության հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում են, քանզիքաղաքացին իր ընտրական իրավունքի իրացման միջոցով պետք է հնարավորություն ունենա համաչափ ազդեցություն ունենալ իշխանության ձևավորման և քաղաքական որոշումների կայացման վրա։

«ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ակնհայտ վտանգ սպառնացող հոդված ենք համարում նախագծի 204 հոդվածը, որով առաջարկվում է ՀՀ տարածքային ամբողջականության հարցը լուծել հանրաքվեով: Նմանատիպ ձևակերպումները պետականորեն հաստատված տարածք, անկախություն և ինքնիշխանություն ունեցող պետության Սահմանադրությունում ներառելն ուղղակի անթույլատրելի է, և հղի է հետագա վտանգներով»,- ասված է հայտարարությունում։

Կուսակցությունը քննադատում է նախագծի մի քանի այլ դրույթներ ևս՝ հավելելով, որ բացի դրանցից կան մի շարք բացեր և խութեր, որոնք մասնավորապես վերաբերում են ազգային անվտանգության համակարգին, մարդու իրավունքների ոլորտին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG