Մատչելիության հղումներ

Նախագահի նստավայրի ուղղությամբ հավկիթներ նետած ակտիվիստը ազատվել է աշխատանքից


Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը, արխիվ:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը, արխիվ:

Նա անվտանգության աշխատող էր «Այբ» դպրոցում:

Օգոստոսի 20-ին բողոքի ցույցի ժամանակ ՀՀ նախագահի նստավայրի ուղղությամբ հավկիթներ նետած ակտիվիստ Գևորգ Սաֆարյանն ազատվել է աշխատանքից:

Հիմնադիր խորհրդարանի քատուղարության անդամ Սաֆարյանը իրեն աշխատանքից ազատելը համարում է քաղաքական հետապնդում՝ ընդգծելով, որ աշխատանքից հեռացնելու մասին իրեն տեղեկացրել են ցույցի հաջորդ օրը․ - «Ինձ տնօրենը մոտեցավ և ասեց, որ «Այբ»-ում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, որի արդյունքում իմ հաստիքը այլևս պետք չէ: Հաստիքը պետք է կրճատեն, ինչի արդյունքում ես դուրս եմ մնում աշխատանքից: Սեպտեմբերի 1-ից այլևս աշխատանքի չեմ լինելու: Բայց իմ համար ակնհայտ էր․ օգոստոսի 20-ին տեղի էր ունեցել ակցիա, որտեղ ես Բաղրամյան 26-ի վրա մի քանի հատ ձու էի նետել»:

Նախագահի նստավայրի մոտ այդ օրը ակտիվիստները ցույցի էին եկել՝ պաշտպնաելու Հիմադիր խորհդարանի աջակից Սյուզի Գևորգյանին, ով պնդում է, թե երբ ինքը Համահայկական խաղերի օրերին Հայաստանում տիրող իրավիճակի մասին թռուցիկներ է բաժանել սփյուռքահայերին, քաղաքացիական հագուստով անձինք իրեն սպառնացել ու հարվածել են։

Սաֆարյանի խոսքով, «Այբ» դպրոցում իր աշխատած ութ ամիսների ընթացքում իրենից չեն դժգոհել, նկատողություններ չի ունեցել․ - «Եթե իրական պատճառը լիներ հաստիքի կրճատումը, ինձ շատ ավելի վաղ կտեղեկացնեին: Օրենքը սահմանում է, կարծեմ, 35 օր․․․ ընդհանրապես այնտեղ շուտ են տեղեկացնում: Ստեղից կարելի ա մտածել, որ իրական պատճառը դա չէր, այլ Բաղրամյան 26-ի վրա նետած ձվերը»:

«Այբ» դպրոցից «Ազատությանը» փոխանցեցին, որ քաղաքական դիրքորոշումից ելնելով ոչ ոքի աշխատանքի չեն ընդունում կամ ազատում, և իրենք կարծում են, որ այս կերպ Գևորգ Սաֆարյանը փորձում է «գործատուի հաշվին հերոսանալ»:

Դպրոցի տնօրինության տարածած հաղորդագրություն ասվում է, որ Սաֆարյանին տեղեկացրել են «էական կառուցվածքային փոփոխությունների մասին», որոնց պատճառով նա կորցնելու է աշխատանքը:

Բացի Հիմնադիր խորհրդարանի անդամից, փոփոխությունները, ըստ հաղորդագրության, ազդելու են ևս 16 հաստիքի վրա:

Հիմնադիր խորհրդարանում, մինչդեռ, այլ կերպ են մտածում՝ շեշտելով, որ «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանի խորհրդական Մեսրոպ քահանա Արամյանն է, և Սաֆարյանի կարծիքով, հենց նրա միջնորդությամբ են իրեն ազատել աշխատանքից:

Նա պնդում է, որ կատարվածը իր գործունեության վրա չի ազդի․ - «Ի համեմատ այն բոլոր ճնշումների, որ եղել են Հիմնադիր խորհրդարանի նկատմամբ, անգամ ճնշում էլ չի: Բայց, իհարկե, սա քաղաքական հետապնդման, հալածանքի շարունակությունն է, որը ռեժիմը իրականացնում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն ընդունում իր խաղի կանոնները»:

XS
SM
MD
LG