Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ի խոսնակը նախագահի հետ հանդիպումն արդյունավետ է գնահատում։

Նախագահի նստավայրում այսօր սկսվել են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այդ գործընթացի շրջանակում նախագահը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Աբրահամ Մանուկյանի, Վահան Բաբայանի և Վարդան Վարդանյանի հետ:

«Քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած առանձին դրույթների: Հանդիպման մասնակիցները խոսել են Ազգային ժողովում ակտիվ և համակողմանի քննարկումների կարևորության մասին», - ասված է հաղորդագրությունում:

ԲՀԿ-ի խոսնակ Վահան Բաբայանը նախագահի հետ հանդիպումն արդյունավետ է գնահատում։ «Մենք քննարկել ենք բազմաթիվ հարցեր. քննարկել ենք կոնկրետ հարցեր Սահմանադրության կոնկրետ հոդվածների վերաբերյալ և բարձրաձայնել ենք մեր առաջարկները։ Հանդիպումն անցել է բավականին դրական։ Մեր առաջարկությունների հիմնական մասն ընդունվում է նախագահի կողմից, և մենք բազմաթիվ այլ քննարկումներ էլ ենք նախաձեռնելու։ Խորհրդարանական խմբակցությունը մյուս շաբաթ կհանդիպի Վարդան Պողոսյանի հետ՝ նախագահի ներկայացուցչի հետ, որից հետո կլինի նաև խմբակցության նիստ, քաղաքական խորհրդի նիստ և քվեարկությունից առաջ խորհրդարանում մենք վերջնականապես արդեն կուսակցության դիրքորոշումը վերջնական կհայտարարենք», - ասաց Բաբայանը։

«Ազատության» հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ԲՀԿ-ի մտահոգությունները, որոշ դրույթների հետ կապված, շտկվեն, Բաբայանը պատասխանեց. - «Կայուն մեծամասնությունը մտահոգիչ հարց է, որի շուրջ մենք կարծում ենք մենք կգանք այն վիճակին, որ այդ հոդվածը կլինի այնպիսին, ինչպիսին, որ հիմնականում համապատասխանելու է ժողովրդավարական կառավարման սկզբունքներին, որին որ ԲՀԿ-ն կողմնակից է, այդ թվում՝ կա ազատությունների մասին խնդիր, այնտեղ ինքնաբուխ հավաքների մասին հարց է, որը որ մեր մտահոգությունների մեջ է մտնում, ինչու չէ, նաև 125 հոդվածը, որը ես եմ երեկ բարձրաձայնել, դա ընտրիչների համակարգի խնդիրն է՝ նախագահի առումով և տեղական ինքնակառավարման մարմիններից ընտրիչներին հանելու խնդիրը, որն այսօր ևս քննարկվել է։ Ես հանդիպումից այլ փակագծեր չեմ ուզում բացել և այլ բաներ լիազորված չեմ փոխանցելու»։

XS
SM
MD
LG