Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վաճառքից հանում է արտասահմանյան լվացող, մաքրող նյութերը


Երեկ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է, որ դրանց վաճառքն արգելվում է առողջապահական սպառնալիքների պատճառով։

Ռուսաստանի իշխանությունները կարգադրել են վաճառքից հանել արտասահմանյան լվացող, մաքրող նյութերը։ Սա Մոսկվայի հերթական պատասխանն է արևմտյան պատժամիջոցներին, որոնք Ռուսաստանի դեմ կիրառվում են Ղրիմը բռնակցելու և Ուկրաինայի արևելյան շրջանների ռուսամետ անջատականներին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։

«Ռոսպոտրեբնադզոր»-ը օգոստոսի 25-ին հայտարարել է, որ տոկսիկական բարձր մակարդակ է հայտնաբերել արտասահմանյան բրենդերի արտադրանքում, այդ թվում՝ ամերիկյան Colgate, Procter & Gembel, The Clorox Company, ինչպես նաև գերմանական Vernel, Henkel ընկերությունների արտադրանքում։ Այս ընկերությունների մեծ մասը արտադրական մասնաճյուղեր ունի Ռուսաստանում։

Երեկ «Ռոսպոտրեբնադզոր»-ը անսպասելի ստուգում է անցկացրել Պերմի մարզում գտնվող գերմանական Russ Henkel ֆաբրիկայում։ Այս ընկերությունից Reuters-ին ասել են, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ի կողմից որևէ ծանուցում չեն ստացել և պնդել են, որ իրենց ամբողջ արտադրանքը տեխնոլոգիական ուսումնասիրություն է անցել և ապրանքների անվտանգությունը հաստատող պետական արտոնագիր ունեն։

«Մենք փորձում ենք պարզել, թե ինչ է տեղի ունենում և որոշել մեր հաջորդ քայլերը», - ասել է Henkel -ի ռուսական մասնաճյուղի մամուլի խոսնակ Նատալյա Հովակիմյանը։

«Ռոսպոտրեբնադզոր»-ը, հիմնականում վկայակոչելով առաղջապահական իբր սպառնալիքները, արգելքներ է սահամանում նաև այնպիսի ապրանքների վրա, որոնք ընդգրկված չեն Մոսկվայի կողմից մտցված Արևմուտքի դեմ պատժամիջոցների ցանկում։

Լվացող, մաքրող նյութերից բացի ալկոհոլային խմիչքները ևս ընդգրկված չեն ռուսական պատժամիջոցների ցանկում, սակայն այս մարմինը օգոստոսի 17-ին հայտարարեց, որ արգելք է դնում Կալիֆորնիայում արտադրված երեք տեսակի գինիների վաճառքի վրա՝ պնդելով, որ դրանք չեն համապատասխանում ռուսական առողջապահական չափանիշներին։

Ինչ վերաբերում է Մոսկվայի պատժամիջոցներին, ապա այս ամսվա մեջ Ռուսաստանը երկարաձգեց պարենի, գյուղատնտեսական մթերքների ներկրումը այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ։

Ռուսաստանը նաև ընդլայնեց այդ ցանկը Արևմտյան Եվրոպայի երկրներից, Միացյալ Նահանգներից բացի, այդ ցանկում ներառելով նաև Ավստրալիային, Նորվեգիային, Իսլանդիային, Մոնտենեգրոյին, Ալբանիային և Լիխտենշտեյնին։

Այս ամենից բացի ռուսական պետական մարմիններն առաջարկում են ուժեղացնել արգելված մթերքներ ներկրողների դեմ պատիժները, այն նույնացնել ռազմավարական նշանակության նյութերի մաքսանենգության հետ, որը մինչև 12 տարվա ազատազրկման պատիժ է նախատեսում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG